Ուխտի Պատարագ Արթիկի նորահռչակ թեմում

Ուխտի Պատարագ Արթիկի նորահռչակ թեմում 10.12.2012
Ուխտի Պատարագ Արթիկում

     Սույն թվականի դեկտեմբերի 9-ին, Արթիկի  սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Սուրբ Աստվածածին եկեղեցիների հարեւանությամբ գործող բազիլիկում տեղի ունեցավ ուխտի պատարագ, որը մատուցեց  Արթիկի թեմի առաջնորդ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:
     Սրբազան արարողության ընթացքում կատարվեց նաև նորանշանակ առաջնորդի գահակալության արարողությունը: Պատարագի ընթացքում «Եւս առաւել» աղոթքից առաջ խորան բերվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը, որն ընթերցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Տ. Հովնան եպս. Հակոբյանը:
     Հրաժեշտի խոսքով հանդես եկավ Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպս. Աջապահյանը, ում խոսքում մասնավորապես ասվում էր. «…13 տարիների մեր ծառայության արդյունքը եղավ այն, որ Արթիկը իր տարածաշրջանով հանդերձ հասունացավ անկախ թեմ դառնալու համար և այսօր մենք հպարտությամբ, բայց թախիծը սրտներումս բաժանվում ենք Արթիկից…»:
     Միքայել սրբազանի խոսքին հաջորդեց թեմակալ առաջնորդի խոսքը, ով շնորհակալություն հայտնեց Սրբազան Հորը եւ այն անձանց, ովքեր նախորդ տարիներին հոգ էին տարել Արթիկի տարածաշրջանի հոգեւոր կյանքի մասին: Սրբազանն իր գոհունակությունը հայտնեց Արթիկում գտնվող եկեղեցասեր եւ պատրաստակամ ժողովրդին, ինչպես նաեւ անդրադարձ կատարեց եկեղեցաշինության հրամայականին, թեմի առաջիկա անելիքներին եւ գերակա ուղղություններին:
     Պատարագի սրբազան արարողությանը ներկա էին փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը, ԱԺ պատգամավոր Մուշեղ Պետոյանը, Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը,  տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, բարերարներ, հյուրեր, սպասավորներ քույր Եկեղեցիների:
     Հավարտ սրբազան արարողության եղավ հյուրասիրություն, որի ընթացքում հյուրերը առիթ ունեցան ծանոթանալու առաջնորդ Հովակիմ Սրբազանի հետ: