Ուխտագնացություն դեպի Նեղուցի վանք
Մայիս 28-ին` Հանրապետության օրվա առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական Դաստիարակության կենտրոնը Երեւանի Ավան եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների հանրակրթական դպրոցներում «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան դասավանդող ուսուցիչների համար ուխտագնացություն էր կազմակերպել Կոտայքի թեմի Նեղուցի վանք (Ժ-ԺԳ դդ.): Մարտ-մայիս ամիսներին Մայր Աթոռի ՔԴԿ ՀՀ Կրթության եւ Գիտության նախարարության Ազգային ինստիտուտի հետ վերապատսրատման դասընթացներ էին կազմակերպել Երեւանի վերոնշյալ համայնքների «Հայոց Եկեղեցու պատմություն» դասավանդող ուսուցիչների համար:
Ուխտագնացությանը միացել էին նաեւ Ավան Առինջ համայնքի հավատացյալները` հոգեւոր հովիվ Տ. Սմբատ քահանա Սարգսյանի առաջնորդությամբ, ինչպես նաեւ Երեւանի տարբեր համայնքներից շուրջ 150 հավատավոր հայորդիներ:
Ս. Նեղուցի կիսախոնարհ վանքում Մայր Աթոռի մի քանի միաբանների հետ Ս. Պատարագ մատուցեց ՔԴԿ տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը: Հայր Սուրբն իր ոգեշունչ քարոզում պատգամեց առավել նախանձախնդրությամբ մատաղ սերնդին հաղորդ դարձնել մեր ժողովրդի հոգեւոր եւ ազգային ժառանգությանը, Հայ Եկեղեցու սրբազան ավանդույթներին ու պատմությանը: