Շքանշանների հանձնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Հոկտեմբերի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շքանշանների հանձնման արարողություն: Հայրենիքին, Եկեղեցուն և ժողովրդին մատուցած ծառայությունների և վաստակի համար Հայ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշաններ շնորհվեցին Սաբիր Ստեփանյանին և Մանուկ Վարդանյանին:
Արարողության ընթացքում մեծարյալների կյանքին և ազգօգուտ գործունեությանն անդրադարձան ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Ընդերքի տրամադրման գործակալության պետ Կորյուն Հակոբյանը և դոկտոր-պրոֆեսոր Աղավարդ Խաչատրյանը:
Այնուհետև «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո բերվեցին Հայրապետական սրբատառ կոնդակները, որոնք ընթերցեցին Մայր Աթոռի միաբաններ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը և Տ. Մուշեղ եպիկոպոս Բաբայանը:
Սաբիր Ստեփանյանին ուղղված կոնդակում մասնավորապես նշված է. «…Աստվածպարգև Ձեր կյանքը Դուք, որպես նվիրյալ հայորդի, ապրել եք Հայրենի մեր երկրի հանդեպ որդիական սիրով` միշտ ձգտելով Տիրոջից Ձեզ պարգևված շնորհները ծառայեցնել հավատավոր մեր ժողովրդին: Դուք բազմաթիվ պատասխանատու պաշտոններ ստանձնեցիք Խորհրդային տարիներին` նվիրյալ ջանքեր բերելով Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերի առաջընթացին: Անկախությունից հետո շարունակեցիք աննվազ նախանձախնդրությամբ Ձեր կարողություններն ու հարուստ փորձառությունը ի սպաս դնել Հայրենիքի զորացման ու պայծառության սուրբ գործին: …Սիրելի՛ պրն. Ստեփանյան, Ձեզ հետ Մեր տասնամյակների բարեկամության ընթացքին Մենք մշտապես զգացել ենք Ձեր ջերմ սերն ու նվիրումը` հանդեպ մեր Սուրբ Եկեղեցին և հոգևոր մեր սրբազան կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը»:
Տիար Մանուկ Վարդանյանին ուղղված հայրապետական կոնդակում ասված է. «…Երկար տարիներ զբաղեցնելով պետական բարձր պաշտոններ` Դուք Ձեր կարողություններն ու փորձառությունը ի սպաս եք բերում մեր երկրի շինությանն ու պայծառությանը: Ձեր աշխատանքի մեջ արձանագրված հաջողություններն արդյունքն են Ձեր աստվածասեր ու հայրենասեր ոգու և բարեխիղճ, նախանձախնդիր ծառայության:
Գոհունակություն է Մեզ համար անդրադառնալ նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին մատուցած Ձեր ծառայություններին: …Մենք փառք ենք մատուցում Ամենախնամ Բարձրյալին, որ Ձեզ պես հավատավոր Մեր զավակները շարունակում են եկեղեցանվեր իրագործումներով առավել զորացնել ու պայծառացնել Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին»:
Այնուհետև Վեհափառ Հայրապետը պատվո շքանշանները հանձնեց Սաբիր Ստեփանյանին ու Վարդան Մանուկյանին, ովքեր, իրենց հերթին, խորին շնորհակալություն հայտնեցին Նորին Սրբությանը հայրապետական բարձր գնահատանքի համար:
Հանդիսությունն ավարտվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով: Նորին Սրբությունը, վերստին շնորհավորելով շքանշանակիրներին, անդրադարձավ նրանց նվիրյալ ու ազգօգուտ գործունեությանը և մաղթեց, որ Բարին Աստված Իր հանապազ օրհնության ներքո միշտ քաջառողջ ու երջանիկ պահի նրանց` առաջնորդելով եկեղեցաշեն ու հայրենանվեր նորանոր իրագործումների: