Շքանշանների հանձնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Հունիսի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Գեւորգյան Հոգեւոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողություն: Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ հոգեւոր ու մշակութային ոլորտներում փոխհամագործակցության զարգացման գործում իրենց ներդրման համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանի արժանացան Էռնես Դրայսը եւ Յոհաննես Կերհերը: Արարողության սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: Սրբազան Հայրը, ջերմորեն ողջունելով հյուրերի ներկայությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ներկայացրեց շքանշանակիրների գործունեությունն ու իրականացրած բարեգործական ծրագրերը: «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո բերվեցին Հայրապետական սրբատառ կոնդակները, որոնք ընթերցեցին Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը եւ Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:
Էռնես Դրայսին ուղղված կոնդակում մասնավորապես նշվում էր. «Այսօր գոհունակություն է Հայրապետիս համար հաստատել, որ Դուք տարիներ շարունակ գովարժան հաձնառություններով արդյունավոր ջանքեր եք բերում ի նպաստ Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ հասարակական, հոգեւոր ու մշակութային ասպարեզներում փոխգործակցության զարգացման: Ձեր նախաձեռնությամբ արդյունավոր հարաբերություններ են հաստատվել Սուրբ Գեղարդավանքի եւ Գերմանիայի Լորշ վանական համալիրների միջեւ` ի նպաստ հոգեւոր-բարոյական արժեքների տարածման ու քրիստոնեական հավատքի զորացման: Ուրախալի է, որ վանքերի միջեւ համագործակցության շրջանակներում Գեղարդավանքի երգչախումբը բազմիցս առիթներ ունեցավ համերգներով հանդես գալ Գերմանիայում` հայ հոգեւոր ու ազգային երգի գոհարները ներկայացնելով գերմանացի ունկնդիրներին: Մեր ժողովուրդը մշտապես երախտագիտությամբ է հիշելու Ձեզ` որպես սիրելի երախտավորի, եւ աղոթելու առ Աստված Ձեր կյանքի ու գործերի հաջողությանց համար»: Յոհաննես Կերհերին ուղղված կոնդակում ասվում էր. «Գոհունակությամբ տեղեկացանք մեր երկրում Ձեր կողմից իրականացված ծրագրերի մասին: Տարիներ շարունակ Դուք աջակցություն եք բերում Սուրբ Գեղարդավանքի եւ Գերմանիայի Լորշ վանական համալիրների միջեւ հաստատված համագործակցության զորացմանը, որն արդյունավորվում է աստվածահաճո ձեռնարկների իրականացմամբ` ի նպաստ երկու հաստատությունների առավել պայծառության: Ուրախություն է Հայրապետիս համար նաեւ, որ Դուք առ Աստված հավատքով եւ առ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին անկեղծ հարգանքով օժանդակեցիք Ջրվեժի Սուրբ Կաթողիկե եկեղեցու գմբեթի նորոգության աշխատանքներին: Ձեր սրտաբուխ հանձնառությունը բարձրորեն գնահատվեց մեր հավատացյալների կողմից, ովքեր երախտագիտությամբ հիշում են Ձեզ ու մշտապես աղոթում Ձեզ համար»:
Կոնդակների ընթերցումից հետո Հայոց բանակի հոգեւոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը եւ Մայր Աթոռի հոգեւոր կրթական հաստատությունների վերատեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը նվիրյալներին հանձնեցին շքանշանները: Այնուհետեւ իրենց սրտի խոսքն արտահայտեցին պրն. Դրայսն ու պրն. Կերհերը: Նրանք շնորհակալություն հայտնեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին իրենց այդպիսի մեծ պատվի արժանացնելու համար, ապա նշեցին, որ մտադիր են իրականացնել բազմաթիվ ծրագրեր, որոնք պիտի ավելի սերտացնեն գերմանահայկական հարաբերությունները: Արարողության ավարտին հոգեւոր երգերի կատարմամբ հանդես եկավ Ս. Գեղարդավանքի երգչախումբը: