Շքանշանների հանձնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մայիսի 4-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցավ Հայ Եկեղեցու շքանշանների հանձնման արարողություն: Ազգասեր և եկեղեցանվեր ոգու, վաստակյալ գործունեության համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ – Սուրբ Մեսրոպ» և «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշաններ ստացան ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը և «Ս. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանը: Արարողությանը բացման խոսքով հանդես եկավ Մայր Աթոռի «Ներեկեղեցական հարաբերություններ» բաժնի տնօրեն Տ. Պարույր քահանա Ավետիսյանը: Այնուհետև մեծարյալների ազգօգուտ գործունեությանն անդրադարձան արվեստագետ Դավիթ Մուրադյանը և Արարատ Սարգսյանը:
Այնուհետև «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո բերվեցին հայրապետական սրբատառ կոնդակները, որոնք ընթերցեցին Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը: Ծննդյան 75-րդ տարեդարձի առիթով տիար Արլբերտ Մկրտչյանին ուղղված կոնդակում մասնավորապես նշված է. «Այսօր Կինոյի և Թատրոնի ասպարեզներում մեծապես հայտնի են Ձեր նկարահանած տասնյակ կինոնկարներն ու բեմադրած ներկայացումները, որոնք արգասիքն են ավելի քան կեսդարյա Ձեր գովարժան վաստակի: Արվեստագետի նրբազգաց ճաշակով Դուք Ձեր աշխատանքներում ներկայացրել եք ժամանակի ոգին, Ձեր հերոսների միջոցով բացահայտել առօրյա կյանքում ապրող հայ մարդու նկարագիրը, նրա աննկուն կամքը դժվարությունների մեջ, մարդասիրական, ազգասիրական ու հայրենասիրական բարձր հատկանիշները: «Մեր մանկության տանգոն», «Հին օրերի երգը», «Տխուր փողոցի լուսաբացը» և շնորհաշատ հայորդուդ մյուս կինոնկարները թեև տասնյակ անգամներ դիտված հայորդիների կողմից, միշտ էլ սպասված են էկրաններին: Ստեղծագործական երկարամյա աշխատանքը բերել է Ձեզ բազմաթիվ մրցանակներ ու պարգևներ, բայց առավել արժեքավորը` մեր ժողովրդի անկեղծ սերն ու գնահատանքը Ձեր հանդեպ: Հայկական Կինոյի ու Թատրոնի զարգացմանը Դուք ծառայել եք նաև մանկավարժական երկարամյա արդյունավոր գործունեությամբ` Ձեր գիտելիքները, հմտություններն ու կարողությունները փոխանցելով Ձեր սաներին Գյումրիի ու Երևանի բարձրագույն կրթական հաստատութիւններում»: Տիար Արա Մինասյանին ուղղված հայրապետական կոնդակում ասված է. «Տիրոջ կամքով առիթ ենք ունեցել ճանաչելու հավատավոր հայորդուդ և ծանոթ ենք Ձեր գործունեությանը: Բժշկի առաքինի մասնագիտությամբ Դուք տասնյակ տարիներ Ձեր կարողություններն ի սպաս եք բերում մեր երկրում առողջապահության բնագավառի զարգացման աստվածահաճո գործին: Ձեր հոգածու ջանքերի շնորհիվ բազմաթիվ հայորդիներ վերագտել են իրենց առողջությունը, երախտագիտության զգացումով միշտ հիշելով Ձեզ և աղոթելով Ձեզ համար: Այսօր առիթ ունենք Մեր բարձր գնահատանքը բերել Ձեզ, որ ինքնաբուխ ցանկությամբ հանձն առաք Սուրբ Գայանե վանքի ճանապարհի նորոգության հովանավորությունը` առավել բարեկարգ դարձնելով հնամենի սրբավայրը մեր հավատացյալների համար: Փառք ենք մատուցում Ամենախնամ Բարձրյալին, որ հավատավոր մեր զավակները շարունակում են եկեղեցանվեր իրագործումներով ավանդ բերել Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու շինությանն ու պայծառությանը»:
Կոնդակների ընթերցումից հետո Վեհափառ Հայրապետը նվիրյալ հայորդիներին հանձնեց Հայ Եկեղեցու պատվո բարձր շքանշանները, ապա պարգևաբաշխության առիթով իրենց երախտագիտությունը հայտնեցին և զգացումները կիսեցին տիարք Ալբերտ Մկտչյանը և Արա Մինասյանը:Վերջում հանդիսության մասնակիցներին իր օրհնությունը տվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Շնորհավորելով Հայ Եկեղեցու շքանշանակիրներին` Վեհափառ Հայրապետը մաղթեց նրանց, որ Երկնավոր Տիրոջ հանապազ օրհնության ներքո լինեն միշտ եռանդուն ու կորովաշատ և շարունակեն իրենց գնահատելի, նվիրյալ ծառայությունը բերել հայրենիքին, Հայոց Եկեղեցուն և հավատավոր ժողովրդին: