Շքանշանների հանձնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Շքանշանների հանձնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Ապրիլի 1-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողություն: Հայրենանվեր ու եկեղեցանվեր գործունեության համար Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ՙՍուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ՚ և ՙՍուրբ Ներսես Շնորհալի՚ պատվո բարձր շքանշաններ ստացան Մայր Տաճարի երգչախմբի մենակատար Վալերի Արությունովը և Մայր Աթոռի ու Շողակաթ՚ հեռուստաընկերության աշխատակցուհի Անահիտ Աբովյանը:

Արարողության սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ Տ. Երեմիա աբեղա Աբգարյանը, որից հետո պարգևատրվողների կյանքին ու գործունեությանն անդրադարձան ՙՇողակաթ՚ հեռուստաընկերության տնօրեն Մանյա Ղազարյանը և արվեստագիտության թեկնածու Վալենտին Թովմասյանը:
Այնուհետև ՙԷջմիածինն ի Հօրէ՚ շարականի երգեցողության ներքո բերվեցին Հայրապետական սրբատառ կոնդակները, որոնք ընթերցեցին Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը և Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:

Վալերի Արությունովին ուղղված կոնդակում ասվում էր. ՙԳոհունակություն է Մեզ համար անդրադառնալ երգարվեստի ասպարեզում հավատավոր հայորդուդ մեծարժան վաստակին: Ձեր բարձրարվեստ կատարումներով Դուք գրավեցիք հայրենի և օտարերկրյա պահանջկոտ հանդիսատեսին` արժանիորեն վաստակելով բազում տիտղոսներ ու մրցանակներ ինչպես Հայրենիքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Տասնամյակներ շարունակ աշխարհի հանրահայտ բեմերից Դուք օտարազգի ունկնդիրներին եք ներկայացրել հայ երգարվեստի գոհարները, ի թիվս որոնց Կոմիտասի, Արմեն Տիգրանյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի և այլ երգահանների մեծահամբավ ստեղծագործությունները:

Գնահատարժան է նաև Ձեր ավանդը երգիչների նոր սերունդի պատրաստության շնորհակալ գործում£ Երկար տարիներ դասավանդելով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, Դուք Ձեր սաներին փոխանցել եք Ձեր գիտելիքներն ու վարպետությունը` նրանց քայլերն ուղղելով դեպի երգարվեստի բարձունքներ:
Ուրախ ենք անդրադառնալու, որ Դուք կյանքի ողջ ընթացքին, հակառակ նույնիսկ խորհրդային տարիների դժվարությունների, դրսևորել եք Ձեր հոգու նվիրումը` հանդեպ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին: Տակավին երիտասարդ հասակում Դուք առաջին քայլերը կատարեցիք եկեղեցական երգեցողության մեջ` անդամագրվելով Բաքվի Սուրբ Հարություն եկեղեցու երգչախմբին: Տարիներ անց տեղափոխվելով Հայրենիք, Դուք երգչի աստվածաշնորհ Ձեր տաղանդով շարունակեցիք Ձեր եկեղեցանվեր ծառայությունը` տասնյակ տարիներ երգելով Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում` որպես երգչախմբի մենակատար՚:

Անահիտ Աբովյանին ուղղված կոնդակում մասնավորապես նշվում էր. ՙԱրարատյան Հայրապետական Թեմում Մեր փոխանորդության տարիներին առիթ ունեցանք ճանաչելու Ձեզ, երբ Դուք ինքնաբուխ ցանկությամբ մասնակցում էիք Թեմում կազմակերպվող հոգևոր դասընթացներին` առավել խորացնելու Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու վերաբերյալ Ձեր գիտելիքները և զորացնելու հավատքն առ Աստված: Գնահատելով ազնիվ հայուհուդ ծառայասիրությունն ու եկեղեցանվիրումը` Մենք սիրով հրավիրեցինք Ձեզ Ձեր կարողություններն ի սպաս բերելու Թեմի գործունեությանը: Այդ օրից սկսյալ, շուրջ երկու տասնամյակ` որպես գործավարուհի, Դուք աջակից ու օգնական եղաք Մեզ` հավատարմորեն ու անսակարկ նվիրումով իրականացնելով Ձեզ վստահված բոլոր պարտականությունները: Ամենօրյա ծառայության մեջ Մենք գոհունակությամբ ականատես եղանք աշխատանքի հանդեպ ունեցած նախանձախնդիր Ձեր վերաբերմունքին, անսպառ եռանդին ու ջանադրությանը:
Գովելի գործերով Դուք, արդարև, ազգի առաքինի, ծառայասեր ու արժանավոր զավակի բարի օրինակ եք մեր ժողովրդի երիտասարդ սերունդի համար՚:

Կոնդակների ընթերցումից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը նվիրյալներին հանձնեց Հայոց Եկեղեցու պատվո շքանշանները: Ապա նրանք իրենց զգացումները կիսեցին ներկաների հետ` խորին շնորհակալություն հայտնելով Հայոց Հայրապետին իրենց համեստ աշխատանքը գնահատելու համար:
Հանդիսությանը գեղեցիկ և հոգեզմայլ շարականների կատարմամբ հանդես եկավ նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երգչախումբը:

Արարողության ավարտին Նորին Սրբությունը վերստին իր գնահատանքի և օրհնության խոսքը բերեց Եկեղեցու նվիրյալներին` նշելով, որ Աստծուց տրված շնորհները նրանք ի սպաս են դրել Եկեղեցու զարգացմանը, իրենց աստվածասեր կյանքով ու գործունեությամբ լուսավորել բազմաթիվ մարդկանց ուղիներ:  Վեհափառ Հայրապետը մաղթեց, որ Տերն իր հանապազ օրհնության ներքո պահի ու պահպանի նրանց` պարգևելով նորանոր հաջողություններ հետագա ծառայության մեջ