Շքանշանների հանձնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Կաթողիկոս. «Մեր նվիրյալ զավակներով է զորեղ մեր Հայրենին եւ մեր Սուրբ Եկեղեցին»

Դեկտեմբերի 2-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան Հոգեւոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ շքանշանների հանձնման հանդիսություն: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն բերած իրենց ծառայությունների համար պարգեւատրվեցին` «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր տիար Հակոբ Ավետիքյանը` «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» եւ տիար Լեւոն Սարգսյանը` «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշաններով:

Հանդիսությունը բացվեց Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի ողջույնի խոսքով: Ապա «Էջ Միածին ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո դահլիճ բերվեցին Հայրապետական սրբատառ կոնդակները, որ ընթերցեցին Մայր Աթոռի միաբաններ Տ. Փառեն եպիսկոպոս Ավետիքյանը եւ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը:

Պրն. Հակոբ Ավետիքյանին տրված կոնդակում ի մասնավորի ասվում է. «...Հայրենի մեր Երկրի զորացմանն ու առաջընթացին Ձեր կարողությունները ներդնելու պատրաստակամությունը առաջնորդեց Ձեզ Հայրենիք, որտեղ Տիրոջ օրհնության ներքո շարունակում եք հարստացնել ազգօգուտ եւ եկեղեցաշեն Ձեր վաստակը: Ահավասիկ, շուրջ տասնհինգ տարիներ են անցել ծանր ու դժվարին այն օրերից, երբ Դուք Ձեր գաղափարակից ընկերների հետ հիմնադրեցիք «ԱԶԳ» օրաթերթը: Այսօր ուրախ ենք նշելու, որ «ԱԶԳ»-ը իր ուրույն տեղն ունի մեր երկրի լրատվամիջոցների մեջ եւ գնահատված է բոլոր ընթերցողների կողմից: Թերթը եւ նրա աշխատակիցներից շատեր արդարորեն արժանացել են միջազգային եւ հայրենական տարբեր մրցանակների, իսկ Դուք, որպես գլխավոր խմբագիր` «Մովսէս Խորենացի» պետական բարձր պարգեւի: Առանձնակի գոհունակություն է Մեզ համար, որ «ԱԶԳ»-ը հոգեւոր կյանքին նվիրված հետաքրքիր հրապարակումներով մշտապես խրախուսում ու քաջալերում է բարեպաշտ հայորդյաց հավատարմությունը առ Հայոց Եկեղեցին ու հավատի մեր սուրբ օրրան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը»:

Պրն. Լեւոն Սարգսյանին տրված Հայրապետական կոնդակում ասվում է. «...Տարիներ շարունակ Դուք ի սպաս եք դնում Ձեր կարողությունները` հանուն Հայրենի մեր երկրի զորացման ու առաջընթացի եւ հավատավոր մեր ժողովրդի բարօրության: Երկար տարիներ դիվանագիտական աշխատանք իրականացնելով Սիրիայում, Դուք մեծ ավանդ եք բերել բարեկամ այդ երկրի հետ Հայաստանի հարաբերությունների առավել զորացմանը եւ Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը:

Սիրիայում պաշտոնավարելու ընթացքին Դուք մեծ արդյունավորությամբ աջակցել եք նաեւ Դամասկոսի Հայոց Թեմի առջեւ ծառացած խնդիրների հաղթահարմանը եւ Հայրենիքից հեռու բնակություն հաստատած հայորդիների ազգային եւ եկեղեցական կյանքի շինությանն ու պայծառությանը, նրանց հոգիներում մեր սրբազան ժառանգության ու մայրենի լեզվի պահպանության հանդեպ նախանձախնդրությունը զորացնելու սրբազան առաքելությանը: Սիրիահայ գաղութից ներս ծավալած Ձեր ազգօգուտ եւ եկեղեցաշեն գործունեությունը, որ արգասավորությամբ շարունակում եք նաեւ այսօր, արժանիորեն բերել է Ձեզ հարգանքը Դամասկոսի Հայոց Թեմի հոգեւոր դասի եւ բարեպաշտ հավատացյալների:

Գոհունակությամբ ենք անդրադառնում Միածնաէջ Սուրբ Աթոռի շինությանն ու պայծառությանը մասնակցություն բերելու Ձեր ազնիվ պատրաստակամությանը: Ձեր մատուցած բազմաթիվ ծառայությունները, ի շարս որոնց` ձեռագիր Աստվածաշնչի ընծայաբերումը Մայր Աթոռիս ձեռագրատանը եւ երաժշտական գործիքների ապահովումը Հայորդյաց տներին, որոնք արտահայտությունն են Ձեր հավատավոր եւ ազգասեր հոգու, անկեղծ ուրախություն են պարգեւում Մեզ, որ Էջմիածնասեր ոգին զորեղ է Ձեզ պես հայորդյաց սրտերում եւ ծնունդ է տալիս բարի իրագործումների»:

Կոնդակների ընթերցումից հետո Նորին Սրբությունը Հակոբ Ավետիքյանին եւ Լեւոն Սարգսյանին հանձնեց Հայ Եկեղեցու պատվո բարձր շքանշանները:

Երախտագիտության խոսք ասացին նաեւ օրվա մեծարյալները: Լ. Սարգսյանն իր խոսքում մասնավորաբար կարեւորեց Եկեղեցու եւ պետության միասնությունը. «Յուրաքանչյուր հայի համար հայ պետությունը չի կարող անջատված լինել Հայ Եկեղեցուց, որովհետեւ հայ լինել նշանակում է քրիստոնյա լինել, նշանակում է պարտադիր կերպով ծառայել Եկեղեցուն, որովհետեւ մեր Եկեղեցին է, որ պետականության բացակայության երկար տարիների ընթացքում իր վրա էր վերցրել հայ ժողովրդի եւ' հոգեւոր դաստիարակությունը, եւ' հոգեւոր ու աշխարհիկ կառավարումը»:

Իր հերթին, Հ. Ավետիքյանը նշեց, որ Երուսաղեմի հայոց վանքում իր ուսումնառության տարիների ընթացքում է խորապես ըմբռնել Եկեղեցու «զինվորյալ մանկունք» արտահայտությունը. «Զենքերը տարբեր են: Զենք կա, որ ձայն է հանում միայն, զենք կա, որ սպանում է, զենք կա, որ դաստիարակում է: Ես ընտրել եմ վերջինը եւ ինձ համարում եմ զինվորյալ մի մանուկ մեր Հայ Առաքելական Եկեղեցում` ծառայող նրան, հավատացող նրան: Հավատացող այն պատմական, կենսական գործունեությանը, որը մեր Եկեղեցին կատարում է մեր ազգի եւ մեր պետության համար»:

Հանդիսությունը եզրափակվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով: «...Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ուրախության օր է, որովհետեւ այսօր մենք մեր Եկեղեցու երկու հավատավոր զավակներին արժանին մատուցեցինք` գնահատելով իրենց ծառայությունը եւ տարիների վաստակը: Նրանք իրենց կարողությունները ծառայեցրել են ազգին եւ Եկեղեցուն` գիտակցելով, որ մեկի ուժը մյուսի առավել զորացումն է, գիտակցել են, որ իրենք որպես ազգի զավակներ պարտավորություն ունեն նաեւ իրենց ծառայությունը բերելու նաեւ Հայաստանայց Առաքելական Եկեղեցուն եւ անմնացորդ սիրով ու նվիրումով նրանք արել են հնարավորինը եւ կարելին, որպեսզի թե իրենց ծնողների, թե իրենց ժողովրդի ու Եկեղեցու առջեւ անպարտ չմնան: Այսօր Մեզ համար մեծ գոհունակություն է նրանց կուրծքը զարդարել մեր Եկեղեցու բարձր պարգեւներով եւ Մեր գնահատանքը բերել նրանց», - ասաց Ամենայն Հայոց Հայրապետը: Նորին Սրբությունը մաղթեց մեծարյալներին, որպեսզի Տիրոջ հովանավոր Աջը մարտակից լինի նրանց, որ նույն նախանձախնդրությամբ ու եռանդով շարունակեն իրենց ծառայությունը բերել Հայրենիքին ու Մայր Եկեղեցուն:

Հանդիսության ընթացքում գեղարվեստական կատարումներով հանդես եկավ «Նավասարդ» երգչախումբը` խմբավարությամբ Ռուբեն Շարբաթյանի: