Շքանշանի հանձնման արարողություն` Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում
«Մենք գիտակցում ենք, որ այս դժվարին եւ ծանր ժամանակներում դեռ աշխատանք ունենք կատարելու` առավել ամրացնելու հավատքը, հույսը, սերը, միաբանության ոգին մեր ժողովրդի զավակաց մոտ եւ առավել զորացնելու քրիստոնեական բարոյական արժեքները մեր ժողովրդի կյանքում»
Գարեգին Բ Կաթողիկոս
Մայիսի 27-ին` Հոգեգալստյան տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հավարտ Սուրբ Պատարագի տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն, որի ընթացքին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին հանձնեց ԼՂՀ «Գրիգոր Լուսավորիչ» բարձրագույն շքանշանը:
Հանդիսությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ եւ թեմակալ առաջնորդներ, Գերագույն Հոգեւոր Խորհրդի անդամներ, ԼՂՀ պետական բարձրաստիճան պաշտոնյաներ:
Հանդիսությունն սկսվեց Տերունական աղոթքով, ապա ներկաներին ողջույնի խոսքով դիմեց Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Սրբազան Հայրն անդրադարձավ Արցախի թեմի վերաբացմանը, Վեհափառ Հայրապետի անմիջական ուշադրության ներքո թեմի արձանագրած ձեռքբերումներին քրիստոնեական դաստիարակության, եկեղեցաշինության, ժողովրդի հոգեւոր կարիքների բավարարման ոլորտներում: Պարգեւ Սրբազանն ընդգծվեց, որ Վեհափառ Հայրապետն ամենից շատ Արցախ այցելած Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, ով մշտապես ակտիվորեն զորավիգ է եղել արցախահայությանը` տարբեր առիթներով հորդորելով աշխարհասփյուռ հայորդներին` սատարելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը:
Այնուհետեւ ընթերցվեց շքանշանի հանձնման հրամանագիրը, ապա ԼՂՀ նախագահը Ամենայն Հայոց Հայրապետի կուրծքը զարդարեց Արցախի «Գրիգոր Լուսավորիչ» բարձրագույն շքանշանով եւ Նորին Սրբությանը հանձնեց շքանշանի վկայականը: «...Ես վստահ եմ, որ մեր բոլոր հաղթանակներն սկսվել են Սուրբ Էջմիածնից եւ առաջին հերթին դրանք մեր հոգեւոր հաղթանակներն են: Եթե չլինեին դրանք, երեւի մենք չունենայինք մեր մնացյալ հաղթանակները: Մեր հաղթանակների երաշխիքը մեր միասնությունն է եւ, առաջին հերթին, մեր հոգեւոր միասնությունը, որն ստեղծեց բոլոր հնարավորությունները Արցախն ազատագրելու համար: Ես վստահ եմ, որ այն, ինչ որ դուք եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն է արել Արցախի համար, դեռ սկիզբն է եւ կունենա շարունակություն: Ես վստահ եմ, որ մենք Ձեզ հետ միասին, Ձեր գլխավորությամբ եւ աջակցությամբ դեռ բազմաթիվ հաղթանակներ ենք ունենալու: Մեր բոլոր հաղթանակների ժամանակ մենք զգում ենք, որ մեր թիկունքում կանգնած է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, եւ սա է մեր հաղթանակների երաշխիքներից մեկը»,- նշեց ԼՂՀ նախագահը:
Արարողության ընթացքին շնորհավորական խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ նախագահ, Գերագույն Հոգեւոր Խորհրդի անդամ տիար Ռադիկ Մարտիրոսյանը, ով Գերագույն Հոգեւոր Խորհրդի անունից շնորհակալություն հայտնեց Հայոց Հայրապետին այն հոգատարության համար, որ ցուցաբերվում է Արցախի նկատմամբ: Տիար Մարտիրոսյանն այս օրը նշանակալի նկատեց Հայ Եկեղեցու, հոգեւորականության եւ մտավորականության համար:
Վերջում ներկաներին իր պատգամն ու օրհնությունը բերեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունն իր շնորհակալությունը հայտնեց ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանին` շնորհված պետական բարձր պարգեւի համար: «Մենք այս պարգեւն ընդունում ենք սիրով, հպարտությամբ եւ նաեւ հուզումով, որովհետեւ այն իր մեջ խորհրդավոր կերպով ամբողջացնում եւ պարունակում է հայ ժողովրդի` հանուն Արցախի մղած ազատագրական պայքարի ողջ ընթացքը: ...Այս շքանշանը թանկ ու նվիրական է մեզ համար, որովհետեւ այն նաեւ կերտված է Հայրենիքում եւ ի սփյուռս աշխարհի ապրող մեր ողջ ժողովրդի համատեղ ջանքերի եւ հանձնառու զոհողությունների արդյունքում: Այս բարձր պարգեւը մենք ընդունում ենք նաեւ որպես Արցախի իշխանությունների եւ ողջ ժողովրդի սիրո, հարգանքի ու գնահատանքի դրսեւորում հանդեպ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին, հանդեպ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը եւ մեր Եկեղեցու իրականացրած առաքելությունը ինչպես պատմության ընթացքին, այնպես էլ արցախյան ազատագրական պայքարի տարիներին»,-ասաց Վեհափառն իր խոսքում:
Հանդիսությունը փակվեց «Պահպանիչ» աղոթքով եւ Հայրապետական մաղթերգով:
ԼՂՀ նախագահի շնորհած պարգեւը համալրում է Ամենայն Հայոց Կաթողիկոսին նախկինում շնորհված բազում պետական եւ հասարակական պարգեւների շարքը, որոնց թվում են Հորդանանի բարձրագույն «Բեթղեհեմ-2000» շքանշանը, «Ռումինիայի աստղ» Ռումինիայի ազգային բարձրագույն պարգեւը (2000թ.), Ուկրաինայի Հանրապետության «Իշխան Յարոսլավ Իմաստուն» շքանշանը (2001թ.), Ֆրանսիայի Պատվո լեգեոնի կոմանդորի շքանշանը (2001թ.), Ռուս Ուղղափառ Եկեղեցու բարձրագույն պարգեւ` Ս. Անդրեաս Նախակոչ առաքյալի շքանշանը (2004թ.), «Դարի բարեգործներ» միջազգային բարեգործական հիմնադրամի «Սուտակե խաչ» շքանշանը (2005թ.), ՌԴ հասարակական բարձրագույն պարգեւ` «Ռուսաստանի հպարտություն» ոսկե շքանշանը (2006թ.), Ռուսաստանի Դաշնության պետական բարձրագույն պարգեւ «Ժողովուրդների բարեկամության» շքանշանը (2006թ.):