Շքանշանի հանձնման արարողություն` Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում

Սեպտեմբերի 19-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Վեհարանի հանդիսությունների դահլիճում, տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին շնորհված «Բարեկամության շքանշանի» հանձնման հանդիսավոր արարողությունը: Հանդիսությանը ներկա էին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, Մայր Աթոռի եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության միաբաններ, ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, պետական այրեր, գիտության ու մշակույթի գործիչներ:

Հանդիսությունը բացեց Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը` ընդգծելով հանդիսության յուրահատկությունը. Նորին Սրբությունը, ով սովորաբար պարգեւաբաշխումներ է կատարում Վեհարանի հարկի ներքո, այս անգամ ինքն է պարգեւատրվում: Գերաշնորհ Սրբազանն անդրադարձավ նաեւ հայ-ռուսական հարաբերությունների սերտացման գործում Նորին Սրբության ջանքերով արձանագրված ձեռքբերումներին:

Այնուհետեւ ելույթ ունեցավ ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլայ Պավլովը: «Ձերդ Սրբության հովվապետությամբ Եկեղեցու հոգեւոր եւ հասարակական առաքելության իրագործումն արժանիորեն խորին երախտագիտությամբ է գնահատված Ձեր հոտի եւ Հանրապետության հանրության կողմից... Մենք կցանկանայինք առանձնացնել Ձեր ակտիվ գործունեությունը` ուղղված Ռուսաստանի եւ Հայաստանի ժողովուրդների բարեկամության ավանդական հարաբերությունների եւ միմյանց հանդեպ սրտաբուխ կապվածության պահպանմանը, երկու պետությունների միջեւ փոխշահավետ դաշնակից փոխգործակցության ամրապնդմանը»,- նշեց դեսպանն իր խոսքում: Դեսպանն անդրադարձավ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու գործունեությանը Ռուսաստանի հայ համայնքում, նոր եկեղեցիների կառուցմանը, հոգեւոր ու մշակութային կենտրոնների հաստատմանը` այդ ամենում տեսնելով նաեւ Նորին Սրբության անմիջական կարեւոր ներդրումը: «Ձեր բազմակողմանի եւ արդյունավետ գործունեության այս համառոտ ներկայացումը եւս մեկ անգամ ընդգծում է, որ Ձեր ավանդը իրավացիորեն գնահատվել է Ռուսաստանի կողմից»,- ասաց ՌԴ դեսպանը: Իր խոսքից հետո դեսպան Պավլովը Ամենայն Հայոց Հայրապետի կուրծքը զարդարեց «Բարեկամության շքանշանով» եւ հանձնեց շքանշանի վկայականը:

Հանդիսության ընթացքին շնորհավորական խոսքով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին դիմեց Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, որ անդրադառնալով հայ-ռուսական բարեկամությանը եւ այդ դարավոր բարեկամության սերտացման գործում Հայոց Հովվապետի կարեւոր ներդրմանը` իր խոսքում ի մասնավորի ասաց. «Հայ-ռուսական բարեկամությունը սովորական հասկացողությամբ բարեկամություն չի եղել, այլ բարեկամություն, որ իր զանազան արտահայտություններն է ունեցել երկու ժողովուրդների քաղաքական, տնտեսական, հոգեւոր, ընկերային եւ այլ մարզերից ներս: Բարեկամություն է, որ սովորական հասկացողությամբ դարձյալ բարեկամություն չի եղել, այլ պատմության պայմանները այնպես են պարտադրել, որ լայն չափով մեր ժողովուրդների ճակատագիրները իրար հետ սերտորեն առնչվում են: ....Հայ-ռուսական բարեկամությունը անցյալ չէ, այլ նաեւ ներկա ու մանավանդ ապագա»: Հայ-ռուսական դարավոր բարեկամության առավել սերտացման գործում Աղոթքով առ Աստված Նորին Սրբություն Արամ Ա-ն մաղթեց Վեհափառ Հայրապետին երկար արդյունաշատ գահակալություն` իր ազգաշեն, հայրենաշեն եւ եկեղեցաշեն գործունեության համար:

Ապա շնորհակալական խոսքով հանդես եկավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունը իր շնորհակալությունը հայտնեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` շնորհված բարձր պարգեւի համար եւ ՌԴ դեսպանին` շքանշանի հանձնման համար: ՙ«Ժողովուրդների բարեկամության» այս պարգեւը մենք ընկալում ենք որպես պարգեւ` տրված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն: Եկեղեցի, որ դարեր շարունակ խնամել է նախանձախնդրորեն բարի հարաբերությունները ռուս ժողովրդի եւ ռուս իշխանությունների հետ:....Այս պարգեւը մենք ընկալում ենք նաեւ պարգեւ` ընծայված մեր ժողովրդին, որ դարեր շարունակ եղբայրաբար ապրել, աշխատել, մաքառել է ռուս ժողովրդի հետ միասին»,-ասաց Վեհափառն իր խոսքում` նշելով նաեւ, որ Ամենայն Հայոց բազմաթիվ Հայրապետներ բազմիցս պարգեւատրվել են ինչպես ցարական, այնպես էլ խորհրդային իշխանությունների կողմից: Արժեւորելով երկու ազգերի հետզհետե ամրագրվող սերտ հարաբերությունների շարունակական ընթացքը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձր գնահատեց բազում հայորդիների` Ռուսաստանի կյանքի տարբեր մարզերում ունեցած կարեւորագույն դերն ու նշանակությունը: Վեհափառ Հայրապետը նաեւ նշեց, որ երկու ժողովուրդների բարեկամության ոգուն համարժեք ու համապատասխան զարգանում են նաեւ սերտ կապերը Հայ Առաքելական եւ Ռուս Ուղղափառ Եկեղեցիների միջեւ, եւ իր մասնավոր շնորհակալությունը հայտնեց Նորին Սրբություն Ալեքսի Բ-ին` հանուն Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ներդրած իր միջնորդական ջանքերի համար:

Ռուսաստանի նախագահի շնորհած պարգեւը համալրում է Ամենայն Հայոց Կաթողիկոսին նախկինում շնորհված բազում պետական եւ հասարակական պարգեւների շարքը, որոնց թվում են Հորդանանի բարձրագույն «Բեթղեհեմ-2000» շքանշանը, «Ռումինիայի աստղ» Ռումինիայի ազգային բարձրագույն պարգեւը (2000թ.), Ուկրաինայի Հանրապետության «Իշխան Յարոսլավ Իմաստուն» շքանշանը (2001թ.), Ֆրանսիայի Պատվո լեգեոնի կոմանդորի շքանշանը (2001թ.), Ռուս Ուղղափառ Եկեղեցու բարձրագույն պարգեւ` Ս. Անդրեաս Նախակոչ առաքյալի շքանշանը (2004թ.), «Դարի բարեգործներ» միջազգային բարեգործական հիմնադրամի «Սուտակե խաչ» շքանշանը (2005թ.), ՌԴ հասարակական բարձրագույն պարգեւ` «Ռուսաստանի հպարտություն» ոսկե շքանշանը (2006թ.):

Հանդիսությունը փակվեց «Պահպանիչ» աղոթքով:

Արարողության ընթացքում գեղարվեստական կատարումներով հանդես եկավ Մայր Տաճարի երգչախումբը` ղեկավարությամբ Ռուբեն Շարբաթյանի: