Շնորհավորական գիր ԼՂՀ նորընտիր նախագահ Բակո Սահակյանին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական գիր է ուղղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նորընտիր նախագահ տիար Բակո Սահակյանին:
Հայրապետական ուղերձում ասվում է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք հղում Ձեզ եւ շնորհավորում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ ընտրվելու առիթով:
Գոհություն ենք մատուցում Աստծուն, որ խաղաղության մեջ Արցախի մեր ժողովուրդը կառուցում է իր ազատ կյանքը` հայրենի երկիրը շենացնելու, ապահով, բարօր ու երջանիկ ապրելու հավատով:
Արցախահայության եւ ողջ մեր ժողովրդի այս հույսերն ու ձգտումը իրականություն դարձնելու արդար գործին Դուք բերել եք Ձեր ջանքերն ու նվիրումը` նախանձախնդրորեն մասնակցելով Արցախի ազատագրությանն ու պետականության կայացմանը:
Աղոթում ենք առ Տերը Բարերար, որ Իր շնորհի ներքո հարատեւ խաղաղության մեջ պահպանի Արցախը եւ արգասավորի Ձեր եւ հավատավոր մեր ժողովրդի ջանքն ու ներդրումը, որպեսզի ապաքինվեն հայրենի հողի բոլոր վերքերը, բարձրանան մեր բոլոր սրբատեղիները, Արցախը լցվի շենությամբ ու խնդությամբ: Մաղթում ենք Ձեզ, մեծարգո Նախագահ, քաջառողջ կյանքի երկար օրեր, կորով ու եռանդ` Ձեր բարձր պաշտոնում եւ հաջողություններ` Ձեր ծրագրերին ու ձեռնարկումներին»: