Շարունակվում է այցը Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Ջավախք

Շարունակվում է այցը Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Ջավախք 15.06.2011

Հունիսի 14-ի առավոտյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, շարունակելով հովվապետական այցը Ջավախք, մեկնեց Ծուղրութ գյուղ, ուր Ս. Սիոն եկեղեցում պահվում է նշանավոր Ծուղրութի Ավետարանը: Ձեռագիր Ավետարանը համբուրելուց հետո Նորին Սրբությունը աղոթք բարձրացրեց Ջավախքի հայորդիների համար, ապա իր օրհնությունն ու պատգամը բերեց ներկա ծուղրութցիներին: ՙՄենք փառք ենք տալիս Աստծուն, որ մեր զավակներն այսքան նախանձախնդիր են մեր Եկեղեցու նկատմամբ, իրենց հայրերի սուրբ հավատքի եւ ազգային մեր ժառանգության նկատմամբ եւ մայրենի լեզուն խնամում եւ գուրգուրում են, պահում ու պահպանում են իրենց զավակների շուրթերի վրա՚, - նշեց Հայոց Հայրապետը` մաղթելով շարունակել իրենց աստվածասեր ու ազգանվեր ընթացքը եւ ապրել որպես հայ ժողովրդի արժանավոր զավակներ: 

Այնուհետեւ հայոց պատվիրակությունն այցելեց Վրաց Եկեղեցու Ախալցիխեի եւ Տաո-Կլարջեթիի թեմի առաջնորդարան, ապա Հայրապետական շքախումբն Ախալցիխեից ուղեւորվեց Ախալքալաք:

Մինչ ժամանումը Ախալքալաք պատվիրակությունը կանգ առավ Ասպինձայի շրջկենտրոնում, ուր Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ Համայն Վրաստանի Պատրիարքին դիմավորեցին շրջանային վարչութ յան նախագահ Բեսո Բեքաուրին, Դամալա գյուղի համայնքապետ Գուրգեն Թումասյանը, Դամալայի հայ համայնքի եւ Ասպինձայի վրաց բնակչության ներկայացուցիչներ:

Շրջկենտրոնի հրապարակում հավաքված Ասպինձայի եւ Դամալայի հազարավոր բնակիչներ: Հանդիպման ընթացքում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատմական այցը Ջավախք ողջունեց Իլիա Բ Վրաց Պատրիարքը, ապա Մայր Աթոռ Ս. Էջմիածնի օրհնությունը ներկա ժողովրդին փոխանցեց Վեհափառ Հայրապետը: ՙԴեպի ձեզ եկանք գոհության աղոթքով, ուրախ սրտով, քաջալեր հոգով, եւ ահա տեսնում ենք հավատավոր ձեր հոգու խանդավառությունը, սերն ու հավատարմությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդեպ, որով համախմբվել եք այստեղ` դիմավորելու Հայոց եւ Վրաց Հայրապետներին՚, - ասաց Նորին Սրբությունը:

ՙՀավատքի կենարար ու շնորհաբաշխ զորությամբ մեր ժողովուրդը որտեղ էլ ապրել է, կառուցել ու արարել է, պահպանել ու զարգացրել է իր մշակույթը, ընթացել ժամանակին համաքայլ: Այս մասին վկայում է նաեւ Ջավախահայոց պատմությունը, ձեր ընտանիքների պատմությունը, որ գրված են մեր Եկեղեցուն եւ հայրերի ժառանգությանը հավատարմության օրինակներով: Բազմաթիվ են բարեպաշտ, շնորհալի եւ մեծագործ զավակները, մեր ժողովրդի ովքեր ծնունդով Ջավախքից են եւ իրենց գործունեությամբ ավանդ ու վաստակ են բերել մեր եկեղեցական ու ազգային կյանքին, հինավուրց այս երկրի պաշտպանությանը, շենացմանն ու բարօրությանը: Այդ ոգին ու նվիրումը այսօր դուք, սիրելիներ, շարունակում եք ձեր եկեղեցասեր ու հայրենաշեն գործերով՚, - նշեց Վեհափառ Հայրապետը` մաղթելով հայորդիներին հաստատուն մնալ առ Քրիստոս հավատքի եւ հույսի մեջ, շենացնել Ջավախքը եւ հավատարիմ մնալ հայրենական սրբություններին ու հիշատակներին, ամենայն հայոց հոգեւոր կենտրոնին` լուսանկար Սուրբ Էջմիածնին:

ՙՀավատում ենք, որ ձեր նախանձախնդրությամբ, մեր եկեղեցիների ու ժողովուրդների դարավոր բարեկամության ավանդներով պիտի հաղթահարվեն բոլոր խոչընդոտները, եւ դուք հոգեւոր ու ազգային ձեր կյանքը շենացնելով, առ Տերը հավատով ու ապավինությամբ, որպես արժանավոր քաղաքացիները Վրաստանի, պիտի շարունակեք ձեր ավանդը բերել Վրաստանի առաջընթացին եւ մեր երկու ժողովուրդների ու երկրների բարի հարաբերություններին՚, - նշեց Նորին Սրբությունը` վերստին ուրախություն հայտնելով երկար սպասված այս հանդիպման առիթով: