Շարունակվում է Թեմական ներկայացուցչական ժողովը ՀՀ Նախագահը Ս. Մեսրոպ Մաշտոց շքանշան հանձնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին
Նոյեմբերի 2-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Թեմական ներկայացուցչական ժողովը շարունակեց իր աշխատանքները` բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ ներկայությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի:
Ողջունելով ՀՀ Նախագահի ներկայությունը ժողովին` Ամենայն Հայոց Հայրապետն անդրադարձավ եկեղեցի-պետություն հարաբերություններին եւ շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին եւ աշխարհասփյուռ թեմերին ՀՀ իշխանությունների կողմից ցուցաբերվող մշտական զորակցության համար:
Այնուհետեւ եպիսկոպոսաց դասին եւ բոլոր ժողովականներին իր խոսքն ուղղեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը` հաջողություն մաղթելով ժողովի աշխատանքներին: Պրն. Սարգսյանը ողջունեց բոլոր այն քայլերը, որ ուղղված են Հայ Եկեղեցու առաքելության զորացմանը եւ աշխարհասփյուռ ժողովրդի հոգեւոր կարիքների բավարարմանը: Նախագահը մեծապես կարեւորեց Հայ Եկեղեցու անգնահատելի դերը Սփյուռքի կյանքում, երիտասարդ սերնդի կրթության գործում` Եկեղեցին նաեւ իբրեւ գործընկեր նկատելով բարոյական արժեքների վրա հաստատված Հայրենիք կերտելու ռազմավարական խնդրում: Պրն. Սարգսյանը բարձր գնահատեց Հայոց Եկեղեցու միջազգային խաղաղասիրական գործունեությունը եւ կարեւոր ներդրումը Էկումենիկ շարժման մեջ: ՀՀ Նախագահը վստահեցրեց, որ պետական կառույցները պիտի շարունակեն զորավիգ լինել Հայ Եկեղեցուն իր բոլոր ձեռնարկներում եւ խորացնել արդյունավետ համագործակցությունը` ի խնդիր մեր ժողովրդի բարօրության եւ Հայրենիքի պայծառացման:
Անդրադառնալով Ամենայն Հայոց Հայրապետի գահակալության 10-ամյակին` ՀՀ Նախագահն երախտագիտություն հայտնեց Նորին Սրբությանը այն հսկայածավալ գործունեության համար, որ Նորին Սրբությունն իրականացրել է մեկ տասնամյակի ընթացքում: Վեհափառ Հայրապետին մաղթելով երկար հովվապետության տարիներ եւ նորանոր ձեռքբերումներ` Նախագահը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին հանձնեց ՀՀ բարձրագույն` Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան` ազգային եւ հոգեւոր արժեքների պահպանման եւ զարգացման գործում ունեցած բացառիկ ավանդի համար:
Նորին Սրբությունը, շնորհակալություն հայտնելով բարձր պարգեւի համար, իր խոսքում նշեց. «Մենք ընդունում ենք այն որպես գնահատանք Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու գործունեության, հոգեւոր մեր սպասավորների ծառայության: Սա նաեւ վաստակն է մեր հայրերի ու հայրապետների ծառայության, ովքեր այն երազանքով մաքառեցին, տքնեցին, որ պայծառ լինի Հայ Եկեղեցին, զորեղ` մեր ժողովրդի կյանքը եւ կանգուն` Հայոց պետականությունը»: Ամենայն Հայոց Հայրապետը վստահեցրեց, որ Հայ Եկեղեցու հոգեւոր սպասավորները շարունակելու են ջանքեր գործադրել, որպեսզի բարի իրագործման առաջնորդվեն մեր ժողովրդի սպասումները:
Նիստի ընթացքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանեց ժողովականների հարցերին, որոնք վերաբերում էին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, ԼՂՀ հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններին եւ մեր ժողովրդի կյանքը հուզող տարբեր խնդիրների:
Ժողովականների անունից Նորին Սրբությանը շքանշանի հանձնման առիթով շնորհավորեց ժողովի ատենապետ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը` բարձր պարգեւը նկատելով մեր ժողովրդի գնահատանքի եւ սիրո արտահայտություն Հայոց Հայրապետի նկատմամբ:
Նիստին ներկա էր նաեւ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Պերճ Սեդրակյանը: