Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԱՌԻԹՈՎ
Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԱՌԻԹՈՎ
(31 դեկտեմբերի, 2007 թ.)
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի Հայաստան, յԱրցախ եւ ի Սփյուռս.
Նոր տարվա սեմին, հուսառատ սրտով ողջունում ենք ձեզ եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից աստվածային լույս եւ օրհնություն բերում ձեր հոգիներին, ընտանեկան ձեր հարկերին:
Սուրբ Ծննդյան հոգենորոգ խորհրդով նոր տարի է սկսվում, որը դիմավորում ենք նոր բարի հույսերով` մտքով ու աղոթքով լինելով նաեւ հեռվում գտնվող մեր սիրելիների հետ:
Գոհության մաղթանք ենք բարձրացնում երկինք, որ անցնող տարում Աստծո օրհնությամբ խաղաղության մեջ բարի արդյունքներ արձանագրեցինք հոգեւոր եւ ազգային մեր կյանքում: Հայաստանում եւ Արցախում շարունակական եղան տնտեսական, ընկերային կյանքի ձեռքբերումներն ու հաջողությունները, հոգեւոր-եկեղեցական մեր կյանքի, մշակույթի, կրթության ու գիտության ասպարեզներում դրական զարգացումներն ու առաջընթացը: Պետական ծրագրերով, բարերարների ներդրումներով, մեր ժողովրդի համատեղ ջանքերով վերականգնվեցին բնակավայրեր, կառուցվեցին ու նորոգվեցին եկեղեցիներ, դպրոցներ, առողջապահական, մշակութային հաստատություններ: Անցնող տարում մեր կյանքին քաջալերություն բերեցին նաեւ Հայրենիքի եւ Սփյուռքի զորացող կապերը բազմաթիվ ասպարեզներում, որոնք ծառայում են հայապահպանության եւ մեր ժողովրդի միասնական կյանքը կառուցելու կարեւոր նպատակին: Տարին նշանակալի էր ազգային մեր արդար դատի պաշտպանության նախաձեռնություններով եւ քայլերով: Հավատն ունենք, որ շուտով հաղթանակած պիտի տեսնենք Արցախի ազատ ապրելու իրավունքը, Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչումը, որը կլինի մարդկության կամքի արտահայտությունը` կառուցելու բռնություններից զերծ, ապահով ու արդար աշխարհ:
Հիրավի, սիրելի ժողովուրդ, թեեւ տակավին առկա են հոգսեր, մտահոգություններ, խնդիրներ ու դժվարություններ, լավատեսության ոգով ենք դիմավորում նոր տարին, նաեւ` մեր ազգային նպատակների իրագործման վճռականությամբ: Տիրոջ օրհնությամբ եւ նվիրյալ ջանքերով աշխարհսփյուռ մեր զավակների պիտի շարունակենք կերտել եւ շենացնել մեր ժողովրդի բարօր ու պայծառ կյանքը Հայրենիքում եւ Սփյուռքում` որպես վկայություն առ Հայրենին սիրո, մեր հավատքի եւ աստվածսիրության:
Մեր երկրի զորացման ու առաջընթացի ճանապարհին կարեւոր հանգրվան են նախագահական ընտրությունները 2008 թվականին: Առ Աստված ապավինությամբ մասնակցենք առաջիկա ընտրություններին: Ապրենք ու գործենք հավատքով, եւ առավել բարգավաճ երկիր, բարեբեր ու կենսունակ հասարակական կյանք կառուցելու մեր հույսերը ավելիով են արդյունավորվելու, քանզի «Տիրոջ օրհնությունն է բարեպաշտների վարձը, եւ Նրա օրհնությունը խնդություն է տալու նրանց»:
Տարեմուտի այս պահին մեր աղոթքով ու մաղթանքով լինենք նաեւ նեղյալների ու կարոտյալների, պատերազմների պատճառած վիշտն ու դժվարությունները կրողների հետ, մեր Հայրենիքի սահմանները պաշտպանող Հայոց բանակի քաջարի մարտիկների հետ եւ բոլորի, ովքեր այս պահին տարեմուտը դիմավորում են իրենց ծառայության մեջ: Թող մեր Տիրոջ փրկարար շնորհները արգասավորվեն աշխարհում նոր տարվա հետ եւ թող խաղաղությունը, սերն ու ողորմությունն Աստծո լինեն միշտ մեզ հետ եւ բոլորի: Ամեն:
Շնորհավոր Նոր Տարի: