Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ «ՏԵՍԻ ԶԵՐԿԻՐՆ ԻՏԱԼԻՈՅ...» ՀԱՅ-ԻՏԱԼԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԻ ԵՒ «ՀԱՅ ՎԵՆԵՏԻԿ. ՍՈՒՐԲ ՂԱԶԱՐԻ ԳԱՆՁԵՐԸ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԱՌԻԹՈՎ

Մեծարգո Վարչապետ Հայաստանի Հանրապետության,

Սիրելի Հայր Եղիա Վրդ. Քիլաղպյան, Մխիթարյան միաբանության Ընդհանուր Աբբահայր,

Հարգելի տիկնայք եւ պարոնայք:

Հոգու առանձնակի խնդությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից գալիս ենք ողջունելու Հայ-իտալական բարեկամության օրերի ծրագիրը, որն իրականացվում է Հայաստանի Հանրապետության եւ Իտալիայի Հանրապետության Նախագահների բարձր հովանավորությամբ: Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում այս գեղեցիկ նախաձեռնության եւ ընդարձակ ծրագրի բարերարներին, կազմակերպիչներին ու բոլոր մասնակիցներին:
Հնագույն մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամության դրսեւորմանն ու ամրապնդմանն ուղղված միջոցառումները մեկ ամիս շարունակ տոնականությամբ են համակելու Երեւանը եւ մեր մշակութասեր հասարակությանը:
Հիրավի, դարերի խորքից են գալիս առնչություններն ու բարեկամությունը քրիստոնյա մեր ժողովուրդների: Առեւտրական ու տնտեսական կապերին ժամանակի հետ գումարվել են ու լայնորեն զարգացել մանավանդ մշակութային սերտ հարաբերությունները` թողնելով թանկ ու նվիրական հիշատակներ: Հայտնի է, որ Հայաստանի համար դժվարին ժամանակներում մեր ժողովրդի զավակները հանգրվանել են նաեւ Իտալիայի հողում, զբաղվել արհեստներով, վաճառականությամբ, նավաշինությամբ ու նավագնացությամբ, ինչի մասին տեղեկություններ են պահպանվել հայկական ձեռագրերի հիշատակարաններում: 12–13-րդ դարերից հայկական համայնքներ են եղել Հռոմում, Միլանում, Ֆլորենցիայում, Լիվոռնոյում, Վենետիկում, Պիզայում եւ այլուր: Իտալական մեծ նավահանգիստներն ու քաղաքները տնտեսական աշխույժ կապեր են ունեցել Կիլիկյան Հայաստանի հետ, հայ վաճառականների հետ` մինչեւ Իրան ու Հնդկաստան: Այս տեւական առնչությունները մերձեցրել են մեր ժողովուրդներին եւ փոխադարձաբար հարստացրել: Մեր ժողովրդին իր բարձր զարգացած արվեստով, մշակույթով ու գիտությամբ մշտապես հետաքրքրել է Իտալիան, ուր այցելել եւ ուսանել են եկեղեցական ու աշխարհական շատ նշանավոր հայորդիք: Իտալական հողից է սկիզբ առնում հայ տպագրությունը, որը ինչպես բոլոր ժողովուրդների կյանքում, նշանակալի իրադարձություն եղավ նաեւ հայոց պատմության մեջ: Երբ Հայաստանը հեծում էր օտարի անողոք լծի ներքո, Վենետիկում լույս տեսավ հայերեն առաջին տպագիր գիրքը, Հռոմն ու Լիվոռնոն դարձան հայ տպագրության օրրաններ: Հայ մշակույթին անփոխարինելի վաստակ է մատուցել Վենետիկի Մխիթարյան միաբանությունը` 300-ամյա հսկայածավալ գիտական ժառանգությամբ: Մխիթարյան գիտնական միաբանների համաստեղությունը միշտ լուսավորելու է հայ մշակույթի երկինքը եւ երախտագիտությամբ է հիշվելու մեր ժողովրդի հոգում: Նոր ժամանակներում առավել ընդարձակ են հայ -իտալական մշակութային առնչությունները` օպերայի, թատերական եւ կինո արվեստում, ճարտարապետության, հոգեւոր ու աշխարհիկ երաժշտության, գեղարվեստի եւ այլ ասպարեզներում: Եվ Մենք հավատում ենք, որ հայ-իտալական օրերը մեծ խանդավառություն են պարգեւելու միջոցառումների մասնակիցներին եւ նոր լիցք ու զորություն են հաղորդելու մեր ժողովուրդների բարեկամությանը եւ մեր պետությունների հարաբերություններին:
Աղոթք ենք բարձրացնում երկինք, որ Բարձյալն Աստված խաղաղության մեջ պահպանի աշխարհը համայն եւ օրհնի ժողովուրդների միջեւ բարեկամության ճանապարհները: Բարի սկիզբ ու ընթացք ենք մաղթում Հայաստանում հայ-իտալական բարեկամության օրերին եւ ստեղծագործական հաջողություններ` մասնակից արվեստագետներին:
Շնորք եւ սէր մեր Տիրոջ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ձեզ եւ ընդ ամենեսեանն. ամէն: