Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում հավատավոր Մեր ժողովրդին` ի Հայրենիս եւ ի Սփյուռս, եւ շնորհավորում Հանրապետության տոնի առիթով:

1918 թվականի մայիսյան փառապանծ հերոսամարտերով մեր ժողովուրդը` համախումբ ու միասնական, պաշտպանեց Հայրենի երկիրը եւ բարդ ու դժվարին իրավիճակում հաստատեց Հայաստանի առաջին Հանրապետությունը:

Կարճատեւ գոյություն ունեցավ առաջին Հանրապետությունը, բայց դրվեցին մեր վերանորոգված պետականության հիմքերը: Այսօր մենք հիշում ենք մեր ազգի համար մեծ զոհողություններով եւ միաժամանակ մեծ հույսերով լեցուն ժամանակաշրջանը անցած դարի: Հիշում ենք ամբողջանվեր ջանքերը մեր ժողովրդի, որ առ Աստված հավատով ու հույսով, բազմաթիվ մարտահրավերներ դիմագրավելով կառուցում էր ազատ ու ստեղծագործ կյանքը մեր Հայրենիքի: Հանրապետության տոնի խորհուրդը հրավեր ու քաջալերություն է մեզ` ամենայն նախանձախնդրությամբ հոգալու հայրենի մեր երկրի բարգավաճումի եւ համայն մեր ժողովրդի բարօրության համար` հանուն մեր նախնյաց, մեր ներկայի ու մեր գալիքի:

Աղոթք ենք բարձրացնում առ Աստված, որ խաղաղություն շնորհի համայն աշխարհին եւ աշխարհսփյուռ մեր ժողովրդին զորացնի հավատքով, հայրենասիրությամբ ու եկեղեցասիրությամբ` աննվազ ջանքով ու նվիրումով, ազնիվ ու արդար գործերով ծառայելու ազգային մեր բոլոր իղձերի մարմնավորմանը: