Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՏՈՆԻ, ԼՂՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ ԵՎ ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ 20-ԱՄՅԱԿԻ ԱՌԻԹՈՎ (ԼՂՀ, 9 մայիսի, 2012 թ.)

Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՏՈՆԻ, ԼՂՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ ԵՎ ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ 20-ԱՄՅԱԿԻ ԱՌԻԹՈՎ (ԼՂՀ, 9 մայիսի, 2012 թ.)

Մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության տիար Սերժ Սարգսյան,

Մեծարգո Նախագահ Արցախի Հանրապետության տիար Բակո Սահակյան,

Վաստակյալ նախագահներ տիար Ռոբերտ Քոչարյան եւ տիար Արկադի Ղուկասյան,

Գերաշնորհ, հոգեշնորհ, արժանապատիվ հոգեւոր հայրեր,

Հարգարժան պետական այրեր,

Սիրելի հավատավոր ժողովուրդ եւ պատվական հյուրեր.

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից անհուն ուրախությամբ եկել ենք Հայրապետական Մեր օրհնությունը բերելու եւ խնդակից լինելու ձեզ Մայիսի 9-ի այս լուսավոր, բերկրանքով ու քաջալերությամբ լեցուն օրը, երբ տոնում ենք Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակը, Շուշիի ազատագրության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի 20-ամյա հոբելյանները: Եկել ենք շնորհավորելու եւ Մեր գնահատանքը բերելու ձեզ` մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության, մեծարգո Նախագահ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, հայոց պետական այրեր, սիրելի հաղթանակած ժողովուրդ` Մեր հավատավոր զավակներ Արցախի, Հայաստանի և Սփյուռքի: Մեր շուրթերին այս պահին սաղմոսերգուի օրհներգն է, որ որպես աղոթք` բարձրացնում ենք առ Տերը` ասելով.«Քո երեսի լոյսը ծագեց մեզ վրայ, եւ ուրախութիւն տուեցիր մեր սրտերին»(Սղմ. Դ 7-8):

Շուշիի ազատագրումով Աստծո արդարության լույսը փայլեց մեր կյանքում` լիառատ ուրախությամբ համակելով սրտերը մեր ժողովրդի եւ առատացնելով հույսերը պատերազմի հաղթական ավարտի: Այսօր լռել են պատերազմի ձայները: Շուշիի Սուրբ Ամենափրկիչ նորոգված ու նորաշուք եկեղեցու զանգակատան բարձունքից հրեշտակները հնչեցնում են օրհներգության փողը հաղթանակի ու խաղաղության, հնչեցնում են շեփորն ազատ կյանքի եւ արդար իրավունքի, որը երբեք եւ ոչ մի ժամանակ չլռեց մեր ժողովրդի հոգում: Ազատ ապրելու այս ոգով է գրվել մեր դարավոր հերոսական պատմությունը: Այս ոգով մեր ժողովուրդը, այդ թվում` Արցախի քաջարի զավակները, իր արժանի մասնակցությունն ու մեծ ավանդն է բերել Երկրորդ աշխարհամարտում` պայքարելով ազգերի լիիրավ ու խաղաղ կյանքի համար: Այսօր ազգս հայոց` նույն ոգով հաղթանակած Արցախյան ազատամարտում` տերն է իր արդար իրավունքների:

Դժվարին, բայց հույսով, հավատքով ու տեսիլքով լեցուն ուղի ենք անցել, սիրելիներ: Մենք հաղթեցինք պատերազմում, որը մենք չէինք սկսել: Այդ պանծալի հաղթանակը մեր ժողովուրդը կերտեց հերոսական մաքառումով, անհամար զոհողություններով, հավատավոր եւ հայրենանվեր հոգու արիությամբ: Արցախով զորացան սրտերը աշխարհասփյուռ մեր ժողովրդի, եւ համախմբվեց ազգս` մեկտեղելով իր ուժերն ու հնարավորությունները հանուն Արցախի պաշտպանության եւ հայրենի պետականության ազատ ու բարօր կյանքի: Արդարեւ, Արցախի այս հողն ու երկիրը, որ մի բուռ տարածքն է պատմական մեր Հայրենիքի, վերջին երկու տասնամյակի իր պատմությամբ վկայությունն է բերում մեր ժողովրդի հայրենասեր ու ազգանվեր հոգու, վճռական կամքի, հաղթական բազկի, միասնականության և համատեղ ջանքերի արդյունավորման:

Փառք և Գոհություն Աստծո, այսօր Հայաստանի եւ Սփյուռքի կողքին օր օրի շենանում է Արցախը, լցվում բարեբեր ու խնդառատ կյանքով: Համայն մեր ժողովրդի աջակցությամբ, արդար վաստակով, արցախահայության ջանք ու նվիրումով բարձրանում են դարավոր վանքերն ու եկեղեցիները, նորոգվում ու պայծառանում հոգեւոր, գիտակրթական ու մշակութային կյանքը: Կառուցապատվում և նոր կյանքով է լցվում նաեւ Շուշին` պատմական ծաղկուն քաղաքն Արցախի: Ազատ Արցախում ծնված սերունդն այսօր կյանք է մտնում պայծառ գալիքի նոր տեսլականով: Այս ձեռքբերումներն ու արդար հույսերը առավել պարտավորեցնում են մեզ հայրենակերտումի նոր սխրանքների:

Սիրելի ժողովուրդ հայոց, Աստծո լույսն ու օրհնությունն են ծագել մեզ վրա, ունենք գլխավորը` մեր Հայրենիքի ազատությունը: Մեր հույսն առ Աստված, հավատքով զինված, քրիստոնեական արժեքներին, մեր Սուրբ Եկեղեցուն հավատարիմ` կառուցենք վաղվա լուսավոր օրը: Դեռեւս քիչ չեն դժվարություններն ու խնդիրները: Մեր կյանքի հրամայականներին պիտի դիմագրավենք եւ բոլոր խոչընդոտները պիտի հաղթահարենք Հայրենիքի հանդեպ նույն սիրով ու պատասխանատվությամբ, լավագույն ծառայությամբ ու հայրենանվեր ազնիվ գործերով, որոնցով եւ ձեռք են բերվել մեր հաղթանակները: Թող մեզ զորացնեն ազատության եւ հայրենի պետականության վերահաստատման մեր անցած ուղին, նաեւ` հզոր եւ միասնական Հայրենիքի մեր իղձերն ու տեսիլքները, մեր զավակների, մեր ժողովրդի լուսավոր գալիքի հույսերը, որպեսզի ամեն ժամ ապրենք ու գործենք դրանք մարմնավորելու աներկբա կամքով` միասնական ջանքերով հաղթանակի առաջնորդելով նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումը: Անվարան ու հաստատուն ընթանանք Տիրոջ ճանապարհներով, եւ Նա այնպէս կանի, ինչպես օրհներգում է սաղմոսերգուն. «....որ արդարութիւնդ երեւայ, ինչպէս լոյս, եւ իրաւունքդ` ինչպէս ցերեկ»(Սղմ. ԼԶ 6):

Սիրելինե’ր, Արցախի նվիրական հողից Հայրապետական Մեր աղոթքը առ Աստված բարձրացնելով, հայցում ենք, որ Իր Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղ պահպանի մեր Հայրենիքը, մեր ժողովրդին ի սփյուռս աշխարհի եւ հանապազ օրհնի ազգիս` մարմնավորելու մեր իղձերն ու մեր լուսավոր գալիքը:

Մեր աղոթքն ենք բարձրացնում երկինք հոգիների համար Արցախյան ազատամարտում և Երկրորդ աշխարհամարտում զոհված մեր զավակների եւ բոլոր նրանց համար, ովքեր իրենց կյանքով կերտեցին հաղթանակը:

Փառք, բյուր հազար փառք, աշխարհասփյուռ ազգիս հայոց: Փառք Արցախի հերոսական ժողովրդին, Պաշտպանության բանակին: Փառք ու կրկին փառք Հայրենիքը պաշտպանողներին, զորացնողներին եւ շենացնողներին: Թող միշտ ապրեն նրանց բարի գործերը եւ ներշնչեն նոր արարումների, թող սերնդեսերունդ հիշվեն նրանց պանծալի անունները: