Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՐԵՐԱՐՆԵՐ ԱԼԵՔ ԵՎ ՄԱՐԻ ՄԱՆՈՒԿՅԱՆՆԵՐԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ`
Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ
ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ
ԱԶԳԱՅԻՆ ԲԱՐԵՐԱՐՆԵՐ
ԱԼԵՔ ԵՎ ՄԱՐԻ ՄԱՆՈՒԿՅԱՆՆԵՐԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ`
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ԱՄՓՈՓԵԼՈՒ ԱՌԻԹՈՎ
(17 հուլիսի, 2007 թ., Սուրբ Էջմիածին)
Մեծարգո Նախագահ,
Սիրելի Մանուկյան ընտանիք եւ բարեպաշտ ժողովուրդ հայոց.
Օրն այս հիշարժան է, իր խորհրդով նշանակալի ու նվիրական: Աստծո ողորմությամբ կատարվեց ցանկալին. մեր ժողովրդի նվիրյալ զավակներ, ազգի եւ մեր Եկեղեցու մեծ բարերարներ Ալեք եւ Մարի Մանուկյանները իրենց վերջին հանգրվան են գտնում Հայրենիքի ազատ հողում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո, Արարատի հայացքի առջեւ:
Այսօր, երբ կանգնած ենք նրանց լուսավոր հիշատակի առջեւ, համակվում ենք ազգին մատուցած ծառայություններով լեցուն նրանց կյանքի եւ արժանավոր բազում գործերի անհուն գնահատանքով:
Մեծ ծառայություն էր վերապահված Ալեք Մանուկյանին մեր ժողովրդի կյանքում, որը նա հանձն առավ օրինակելի նվիրումով ու պատրաստակամությամբ: Վսեմ տեսիլքով նա բացառիկ ներդրում ու վաստակ բերեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության առաքելությանը` արժանանալով Միության ցկյանս Նախագահի բարձր պատվին: Ալեք Մանուկյանի նախանձախնդիր ղեկավարությամբ ընդարձակվեց ու ծաղկում ապրեց Բարեգործականի համազգային գործունեությունը` Մեծ Եղեռնին հաջորդած տասնամյակներում աշխարհասփյուռ հայությանը օտար ափերում առավելագույնս սատարելու եւ միասնական պահպանելու: Սփյուռքի կյանքում ազգային շատ կառույցների կողքին նա առանձնակի կարեւորեց հայ դպրոցն ու հայոց եկեղեցին, որպեսզի հայրենյաց ժառանգությունը անաղարտ պահպանվի ու փոխանցվի սերունդներին, հայկականությամբ սնուցի եւ հավատով զորացնի հայորդյաց հոգիները:
Որդիական ջերմ սիրով Ալեք եւ Մարի Մանուկյանները հոգացին ու ջանացին Սուրբ Էջմիածնի պայծառության համար: Նրանց անունները անբաժան են Մայր Աթոռի պատմությունից, ինչպես նրանց կյանքը անբաժան եղավ Մայր Աթոռի առաքելությունից: Այն օրերին, երբ երկաթյա վարագույրով անջրպետված էր Հայաստանի եւ աշխարհասփյուռ հայության կյանքը, Ալեք Մանուկյանը, իբրեւ հարազատ զավակը իր ժողովրդի, միշտ կապված եղավ Հայրենիքի հոգսերին ու ապրեց նրա հույսերով: Ապրեց ու գործեց մեր ժողովրդի միասնության, Հայրենիքի ազատության եւ հայ կյանքի զարթոնքի հավատով: Արդարեւ, դժվար է գտնել նշանակալի դեպք կամ իրադարձություն ազգային-եկեղեցական մեր կյանքում նախորդ դարի երկրորդ կեսին, որին կարեւորությամբ աղերսված չլինի Ալեք Մանուկյանի անունը: Նորանկախ մեր Հայրենիքը արժանիորեն գնահատեց Ալեք Մանուկյանի ծառայությունները եւ ավանդը ազգային կյանքում` շնորհելով նրան Ազգային հերոսի բարձր կոչումը: Հայրենանվեր ու եկեղեցասեր ծնողների նույն հոգեկերտվածքով ու ազնիվ նախանձախնդրությամբ այսօր նրանց զավակները` Ռիչարդ Մանուկյանը եւ Լուիզ Մանուկյան Սիմոնը իրենց բարեգործություններով շարունակում են ծառայել մեր ժողովրդին` նոր ավանդ բերելով մեր Սուրբ Եկեղեցու պայծառությանը եւ մեր Հայրենիքի բարօրությանն ու առաջընթացին:
Ուրախ են մեր հոգիները այսօր` ամփոփված տեսնելով Ալեք եւ Մարի Մանուկյանների մարմինները իրենց համար միշտ նվիրական հայրենի հողում, իրենց սրտերին շատ սիրելի Սուրբ Էջմիածնում, որոնցից երբեք բաժանված չեղան: Սերնդե-սերունդ մեր զավակները պիտի այցելեն այստեղ նրանց նվիրատվությամբ կառուցված Գանձատուն եւ գան խոնարհվելու նրանց շիրիմներին: Պիտի աղոթեն նրանց միջոցներով նորոգված եւ կառուցված եկեղեցիներում, ուսանեն նրանց հովանավորությամբ գործող կրթական հաստատություններում, պիտի ներշնչվեն նրանց բարի գործերով, ազգասեր, հայրենասեր ու եկեղեցասեր ոգով ու օրինակով նրանց, ովքեր «Մահկանացու ծնված` անմահ հիշատակ թողեցին»: Այսպես է կանգուն ժողովուրդը` նվիրումով, ծառայությամբ, ազնիվ ու պանծալի գործերով եւ դրանց գնահատությամբ ու արժեւորումով` սերնդե-սերունդ: Այսպես է օրհնյալ ժողովրդի կյանքն ու ճանապարհը, քանզի «Եթէ ուրուք գործն զոր շինեաց` կացցէ« վա°րձս առցէ» (Ա. Կորնթ. Գ 14):
Աղոթենք եւ հայցենք լույս եւ օրհնություն մշտնջենական` ազգային բարերարների արդար հոգիներին:
Գոհության աղոթք բարձրացնենք երկինք, որ Տերը օրհնել է մեր ժողովրդին նվիրյալ զավակներով եւ նրանց հույսերով, նրանց հավատով ու ջանքերով առաջնորդել ազգս դեպի նոր արշալույս, որ շողում է մեր պետականության վերականգնումով, Արցախի ազատագրությամբ եւ Սփյուռքի հառնող ու ծաղկող կյանքով:
Շնորհ, սէր եւ օրհնութիւն Տեառն մերոյ եւ Փրկչի
Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ մեզ եւ ընդ ամենեսեան: Ամէն:
Մամլո հաղորդագրություններ:
Սուրբ Էջմիածնում հողին հանձնվեցին Ալեք եւ Մարի Մանուկյանների մարմինները