Ն. Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՐՏԻ 1-Ի ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԻԹՈՎ

ՈՒՂԵՐՁԸ ՄԱՐՏԻ 1-Ի ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԻԹՈՎ - Հեղինակային իրավունքները ամրագրված են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, 2008 թ.: Բոլոր տեքստերը, գրաֆիկան, աուդիո նյութերը, ծրագրաշարը եւ կայքի մյուս նյութերը պաշտպանվում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հեղինակային իրավունքներով: Բոլոր իրավունքները նույնպես պաշտպանված են: Սայթի նյութերի ցանկացած վերարտադրություն կամ տարածում խիստ արգելվում է:

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ հայոց.

Վիշտն է այսօր համակել ամենքիս հոգիները: Ազգս հայոց սգում է կորուստը իր զոհված զավակների: Նախագահական ընտրապայքարում դրսեւորված անհանդուրժողության ոգին հանգեցրեց անկարգությունների, ցավալի եւ ողբերգական բախումների ու առճակատման: Երբեք չէինք սպասի, որ բնական ողջախոհությունը մեր ժողովրդի պիտի տեղի տար ատելության եւ թշնամանքի առջեւ: Այսօր, սիրելիներ, մտահոգ եւ անհանգիստ է համայն մեր ժողովուրդը` վտանգված տեսնելով իր նվիրական արժեքները` ազգի միաբանությունը, Հայրենիքի խաղաղությունն ու ապահովությունը:

Ցուցաբերենք ողջամտություն, հեռու մնանք եղբայրատյացության զգացումներից, տագնապը խորացնող քայլերից: Հուզող բոլոր հարցերն ու խնդիրները վճիռների պիտի առաջնորդել խաղաղությամբ, օրինահարգությամբ, երկխոսության ապահով ուղիներով:

Պատմության ու սերունդների առջեւ պատասխանատու ենք յուրաքանչյուրս: Չլինի, որ անխոհեմ հետագա քայլերով վտանգենք մեր երկրի կայունությունը: Չլինի, որ մթագնած տեսնենք մեր Հայրենիքի նորաբաց արեւը: Չմնանք պարտական Աստուծո, մեր հայրերի ու զավակների առջեւ: Հավատում ենք, որ ապավինությամբ առ Աստված, արիության ոգով, հույսով ու լավատեսությամբ պիտի հաղթահարենք ստեղծված ծանր ու դժվարին իրավիճակը, վերագտնենք մեր կյանքի, մեր Հայրենիքի բարօր ընթացքը:

Աղոթք ենք բարձրացնում երկինք հոգիների համար զոհված մեր զավակների եւ մխիթարություն հայցում նրանց սգակիր ընտանիքներին եւ հարազատներին:

Թող Աստված զորակից լինի մեզ: Թող Տերն օրհնի ամենքիս իմաստությամբ եւ Սուրբ Հոգու առաջնորդությունը պարգեւի մեզ` հաղթահարելու մեր կյանքի այս ծանր փորձությունը: