Նվիրաբերություններ Մայր Աթոռի Սոցիալական ծառայությանը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ձևավորված Սոցիալական ծառայության բաժինն իր ակտիվ գործունեությունն է շարունակում սոցիալական ոլորտում:
Ծառայության համակարգում գործում են չորս բարեգործական ճաշարանները, Հայորդյաց տները, «Գարեգին Բ» տնաշինական ծրագիրը, Մայր Աթոռի հովանու ներքո գործող «Նագգաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնը, ինչպես նաև օգնություն է ցուցաբերվում կարիքավոր ընտանիքներին և Հայրենիքում ապաստան գտած սիրիահայերին:
Սոցիալական ծառայության բաժինը վայելում է Հայրենիքի և Սփյուռքի ինչպես եկեղեցական կառույցների, այնպես և անհատ հայորդիների աջակցությունը: Ծառայության գործունեությանն ի նպաստ օրեր առաջ Արարատյան Հայրապետական թեմը 50 մլն. ՀՀ դրամ գումար է հատկացրել, մասնավորապես` 2004-2014 թթ.-ի ընթացքում թեմի տարածքից զորակոչված, սահմանամերձ գոտիներում զոհված զինվորների և Հայոց բանակում երկու և ավելի զինվոր ունեցող ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու համար:
Մայր Աթոռի կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի համար «ԷԿԼՕՖ Հայաստան» միջազգային կազմակերպությունն իր հերթին Մայր Աթոռի Սոցիալական ծառայությանը նվիրաբերել է 70 մլն. ՀՀ դրամ:
Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունն իր շնորհակալությունն է հայտնում այն բոլոր կառույցներին, կազմակերպություններին ու անհատ բարերարներին, ովքեր իրենց զորակցությունն են բերում Հայ Եկեղեցու այս կարևոր առաքելությանը: