Նոր նշանակում
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը նշանակվել է Մայր Աթոռի հրատարակչական բաժնի տնօրեն:
ՆԱԹԱՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
(ավազանի անունը` Սամվել Հովհաննիսյան)
Ծնվել է 1955 թ. մայիսի 9-ին Երեւանում: Նախնական կրթությունը ստացել է թիվ 114 դպրոցում: Մինչ ճեմարանն ընդունվելը սովորել է Երեւանի Ա. Բաբաջանյանի անվան երաժշտական մանկավարժական ուսումնարանում, ապա` Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում` 1980թ. ավարտելով պրոֆ. Քեթի Մալխասյանի դասարանը:
1984-87 թթ. սովորել եւ ավարտել է Սուրբ Էջմիածնի Հոգեւոր ճեմարանը` պաշտպանելով ավարտաճառ «Մինուկիոս Ֆելիքսի «Օկտավիոս» երկը» թեմայով:
1986 թ. ձեռնադրվել է սարկավագ:
1988 թ. ձեռամբ Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի ձեռնադրվել է կուսակրոն քահանա` ստանալով Նաթան անունը:
1989 թ. պաշտպանել է վարդապետական թեզ` «Հերմասի «Հովիվը՚» թեմայով եւ ձեռամբ Անանիա եպիսկոպոս Արաբաջյանի ստացել մասնավոր վարդապետական 4 աստիճանները: Նույն ժամանակ նշանակվել է Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանի փոխտեսուչ` դասավանդելով «Հայրաբանություն» եւ «Ընդհանուր Եկեղեցու պատմություն» առարկաները:
1991 թ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ նշանակվել է Ուկրաինայի հայոց նորաստեղծ թեմի առաջնորդական տեղապահ:
1994 թ. պաշտպանել է ծ. վարդապետական թեզ` «Պետրոս Քյութուրը եւ նրա «Հաւաքումն Աստուածաբանութեան» երկը» թեմայով եւ ձեռամբ Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի ստացել ծայրագույն վարդապետության աստիճան:
1997 թ. հունիսի 15-ին ձեռնադրվել է եպիսկոպոս` ձեռամբ երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի, եւ նշանակվել Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ:
1997-2000 թթ. եղել է Հայ Եկեղեցու Գերագույն Հոգեւոր Խորհրդի անդամ:
2000 թ. հոկտեմբերի 1-ին ընտրվել է Մեծ Բրիտանիայի հայոց թեմի առաջնորդ:
2010 թ. նոյմեբերի 1-ին Վեհափառ Հայրապետի բարձր տնօրինությամբ նշանակվել է Հրատարակչական բաժնի պատասխանատու:
Սրբազան Հայրը մեծ ակտիվություն է ցուցաբերել էկումենիզմի ոլորտում: Նա մասնակցել է տարբեր միջազգային կոնֆերանսների եւ էկումենիկ համաժողովների: 2001-2006թթ. եղել է Բրիտանիայի Արեւելյան ուղղափառ եկեղեցիների խորհրդի նախագահը: 2001-2010թթ. եղել է Անգլիկան-Ուղափառ Արեւելյան եկեղեցիների ֆորումի ատենապետը: 2006-2010թթ. եղել է Անգլիայի եկեղեցիների խորհրդի համանախագահը: Ներկայիս Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսի «Հավատ եւ կարգ» հանձնաժողովի անդամ է:
Սրբազան հայրը Ուկրաինայի Կադրային միջազգային ակադեմիայի թղթակից-անդամ եւ պատվավոր դոկտոր է: 1995թ. Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի Բ-ի կողմից պարգեւատրվել է «Իշխան Դանիել Մոսկվացու» շքանշանով: 2001թ. Ուկրաինայի նախագահի կողմից արժանացել է «Ծառայությունների համար» շքանշանի: 2006թ.-ից Բեթղեհեմի պատվո քաղաքացի է: