Նոր հրատարակություն. Ս. Բարսեղ Կեսարացի «Գիրք Պահոց»
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը «Եկեղեցական մատենագրություն» շարքից հրատարակել է Ընդհանրական Եկեղեցու նշանավոր Հայրապետներից Ս. Բարսեղ Կեսարացու «Գիրք Պահոց» աշխատությունը: Գիրքը լույս է տեսել Կիմ Մուրադյանի աշխատասիրությամբ, իսկ հրատարակության է պատրաստել Գուրգեն Գասպարյանը:
Ս. Բարսեղ Կեսարացու (329-379) «Պահոց գիրքը» հայոց թարգմանական մատենագրության կոթողային գործերից է, որ ձեռագրերում, երբեմն էլ տպագիր գրականության մեջ կոչվում է նաեւ «Վասն պահոց», հաճախ էլ` պարզապես «Պահոց»: Այն հիմնականում բովանդակում է հեղինակի որոշ ճառական-մեկնողական գործեր, ինչպես նաեւ թղթեր եւ դավանական բնույթի հարցումներ (ընդհանուր հաշվով 33 բնագիր):