Նոր հրատարակություն. Սուրբ Եղիշե վարդապետ «Աստվածաբանական երկեր»
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Հայ Եկեղեցու հայրեր» մատենաշարի հերթական գիրքը` սուրբ Եղիշե վարդապետի «Աստվածաբանական երկեր» ժողովածուն` թարգմանությամբ Մարթա Արաբյանի եւ խմբագրությամբ Տ. Ասողիկ եպիսկոպոս Արիստակեսյանի: Գրքի հրատարակությունն իրականացվել է մեկենասությամբ Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության դեսպանատան:
Գրքում տեղ են գտել Եղիշե վարդապետի «Քրիստոսի մկրտության տոնի առթիվ», «Այլակերպության տոնի առթիվ», «Վարդավառի մեծ օրվա առթիվ», «Խրատի խոսք միայնակյացների մասին», «Մարդկանց հոգիների մասին», «Դատաստանի եւ երկրորդ գալստյան մասին», «Մեռյալների հիշատակության մասին», «Կանոններ դիվահարների համար» ճառերը, ինչպես նաեւ «Հայր մեր» աղոթքի մասին» մեկնությունը եւ «Տիրոջ չարչարանքների մասին վարդապետությունը»:
Եղիշեի աստվածաբանական երկերը, բացառությամբ մի քանի մեկնությունների, ամբողջական տեսքով առաջին անգամ են հրատարակվում արեւելահայերեն: