Նոր հրատարակություն. «Սուրբ Գրիգորի վարդապետությունը»

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Հայ Եկեղեցու հայրեր» մատենաշարի առաջին գիրքը` «Սուրբ Գրիգորի վարդապետությունը» աստվածաբանական երկը: Գիրքն աշխարհաբարի է վերածել ու ծանոթագրությունները կազմել Սեն Արեւշատյանը: Գրքի հրատարակությունն իրականացվել է Տեր եւ Տիկին Արմեն եւ Նունե Սարգսյանների մեկենասությամբ:

Ագաթանգեղոսի «Հայոց պատմության» ծավալի գրեթե կեսը կազմող Սուրբ Գրիգոր Լուսավորչին վերագրվող «Վարդապետությունը» հայ աստվածաբանական եզակի երկերից է, որով սկզբնավորվում է հայ աստվածաբանական միտքը: Այն ստեղծվել է հայ մատենագրության արշալույսին եւ մեծ ազդեցություն ունեցել ինչպես ժամանակի, այնպես էլ հետագա դարերի հայ աստվածաբանների վրա: Աշխատության մեջ լայնածավալ քարոզի ձեւով շարադրված ու մեկնաբանված են քրիստոնեական հավատի ու վարդապետության հիմնարար սկզբունքները: Մեծ տեղ է հատկացված նաեւ հեթանոսական հավատալիքների հերքմանն ու կռապաշտության դատապարտմանը: