Նոր հրատարակություն Լեւոն Մելիքսեթ-Բեկ «Պատմա-բանասիրական պրպտումներ»
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչությունը լույս է ընծայել «Պատմա-բանասիրական ուսումնասիրություններ» մատենաշարի Դ հատորը` պրոֆեսոր Լեւոն Մելիքսեթ-Բեկի «Պատմա-բանասիրական պրպտումները»` աշխատասիրությամբ Պարույր Մուրադյանի: Բովանդակային առումով գիրքը բաժանված է երեք մասի` մատենագրական եւ մատենագիտական պրպտումներ, պատմություն եւ բանահյուսություն, վիմագիր վկայություններ:
Պրոֆ. Լեւոն Մելիքսեթ-Բեկը Հայոց պատմության, մատենագրության ու մշակույթի անդադրուն հետազոտող էր, ակադեմիկոս Նիկողայոս Մառի սահմանած «Հայ-վրացական բանասիրություն» գիտակարգի երեւելի ներկայացուցիչը: Գիտնականը «Արարատ» եւ «Էջմիածին» հանդեսների տեւական ու ցանկալի հեղինակներից էր, հմուտ Հայոց եկեղեցական պատմությանը:
Պրոֆեսորի ծննդյան 120-ամյակի տոնախմբման օրերին Ս. Էջմիածինը նրա հիշատակը հարգում է հայերեն հրատարակված աշխատությունների այս Ընտրանու տպագրությամբ:
Գիրքը տպագրվել է «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի մեկենասությամբ: