Նոր հրատարակություն. Արշակ Տեր-Միքելյան «Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը»

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը վերահրատարակել է Արշակ Տեր-Միքելյանի` մոտ մեկ դար առաջ հեղինակած «Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը» դավանաբանական ձեռնարկը:

Արշակ Տեր-Միքելյանի այս ձեռնարկն առաջին անգամ համակարգված կերպով ներկայացնում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դավանությունը գիտական մակարդակով եւ մինչեւ այսօր պահպանում է իր այժմեականությունն ու արժեքը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը պատրաստել է դասագրքի սույն վերահրատարակությունը դասական ուղղագրությամբ, ինչպես որ հրատարավկել է բնագիրը, եւ արդի արեւելահայերենի ուղղագրությամբ` գրաբար մեջբերումներում պահպանելով դասական ուղղագրությունը: Վերացվել են բնագրի տպագրական սխալները, կետադրությունը համապատասխանեցվել է այսօրվա գործող կանոններին: Ծանոթագրությունները կազմել է Հ. Քյոսեյանը: Գրքի վերահրատարակման գործում մեծ ավանդ է ունեցել Վիրահայոց թեմի առաջնորդ Տ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Գրքի վերահրատարակումն իրականացվել է մեկենասությամբ Սիմոն եւ Ռուզաննա Աղազարյանների: