Նոր հրատարակություն. «Ապրել գալիքի տեսիլքով» (Հուշեր Վազգեն Ա Վեհափառի մասին)
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան 100-ամյակի առիթով Մայր Աթոռի հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Ապրել գալիքի տեսիլքով» գիրքը, որ ներառում է անվանի հոգեւորականների, գիտնականների եւ մտավորականների հուշերը Վազգեն Ա Վեհափառի մասին: Գիրքը կազմել է բանասեր Արշակ Մադոյանը: Այն տպագրվել է տեր եւ տիկին Արմեն եւ Նունե Սարգսյանների մեկենասությամբ:
Գիրքը սկսվում է Գարեգին Բ Հայրապետի օրհնության գրով, ուր մասնավորապես նշվում է. «Արդարեւ, նա [Վազգեն Վեհափառը] ամբողջապես գործում էր առաքելական ոգով: Տեսնելով եւ գնահատելով օրվա պահանջներն ու հրամայականները` հաստատուն ու հետեւողական քայլերով նա միջոցներ էր ձեռնարկում` ի զորացումն Հայ Եկեղեցու առաքելության եւ առավել պանծացումն Հայաստանյայց Եկեղեցու փառքի խորանի: Նրա կաթողիկոսության շրջանին նորոգվեցին եւ վերաբացվեցին խոնարհված եկեղեցիներ, վերակազմավորվեցին թեմերը, նոր շունչ ստացան հոգեւոր ճեմարանների գործունեությունը, «Էջմիածին» ամսագիրը, Մայր Աթոռի հրատարակությունները: Ամենայն Հայոց 130-րդ գահակալի անդուլ ջանքերով բարեզարդվեց եւ նոր կառույցներով համալրվեց Սուրբ Էջմիածինը: Սփյուռքի թեմեր կատարած իր հովվապետական բազմաթիվ այցելություններով շնորհազարդ Հայրապետը անգամ քաղաքական աննպաստ պայմաններում գործադրում էր ամեն ջանք, որպեսզի աշխարհասփյուռ հայությունը համախմբված լինի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շուրջ եւ ապրի ազգային-եկեղեցական կյանքի միասնականության մեջ: Մշտապես հավատարիմ մնալով խաղաղության, արդարության, եղբայրության համամարդկային արժեքներին` Վազգեն Վեհափառն ամրապնդեց Հայ Եկեղեցու ներկայությունը միջեկեղեցական կյանքում: Հոգելույս Հայրապետը երջանկությունն ունեցավ նաեւ օրհնելու Հայրենիքի անկախությունն ու Արցախի ազատագրումը»:
Օրհնության գրին հաջորդում է Նորին Սրբության Սրբատառ կոնդակը` նվիրված Վազգեն Ա Վեհափառի մահվան 10-ամյակին: Հուշերի կազմող Արշակ Մադոյանն իր հոդվածում անդրադառնում է Վազգեն Ա Հայրապետի կյանքին եւ գործունեությանը` ընդգծելով Վեհափառի ունեցած մեծ դերակատարությունն ազգային-եկեղեցական կյանքում: Գրքում զետեղված են Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանի, Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանի, Տիրայր արքեպիսկոպոս Մարտիկյանի, Իսահակ ծ. վրդ. Ղազարյանի, Եղիշե ավ. քհն. Սարգսյանի, Հակոբ Սիրունու, Վարդուհի Վարդերեսյանի, Սուրեն Գոլանջյանի, Վահրիճ Ճերեճյանի, Վիլյամ Սարոյանի, Վիլիկ Զաքարյանի, Բարունակ Թովմասյանի, Անդրանիկ Ծառուկյանի, Վասիլի Գրոսմանի, Կիմ Բակշիի, Անդրեյ Բիտովի, Հրանտ Մաթեւոսյանի, Կարպիս Սուրենյանի, Սիլվա Կապուտիկյանի, Հակոբ Մխիթարյանի, Ռիչարդ Հովհաննիսյանի, Երվանդ Մելքոնյանի, Զոհրապ Չաղայանի, Փայլակ Անթաբյանի եւ Զորի Բալայանի հուշերը: Իբրեւ հավելված` գրքում զետեղված են նաեւ 47 լուսանկարներ: