Նոր հրատարակություն. Անահիտ Պարսամյան «Շուշան-Վարդենի»
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել Անահիտ Պարսամյանի «Շուշան-Վարդենի» վարքագրական վիպակը: Վիպակը հրատարակվել է մեկենասությամբ Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի:
Գրքի նյութը քաղված է հայ սրբախոսական գրականության երախայրիքներից` 5-րդ դարի վերջին գրված սուրբ Շուշանիկի վկայաբանությունից, ուր ներկայացված են սպարապետ Վարդան Մամիկոնյանի դստեր` Շուշանիկ Մամիկոնյանի կամ Վարդենիի կրած տառապանքները քրիստոնեությունն ուրացած եւ զրադաշտականություն ընդունած ամուսնուց` վրաց Վազգեն բդեշխից, հավատափոխության պարտադրանքին Շուշանիկի արիաբար ընդդիմությունն ու մարտիրոսական նահատակությունը: Ա. Պարսամյանի վարքագրական վիպակում Շուշանիկը հանդես է գալիս իբրեւ մերօրյա ընթերցողին հասկանալի ու սիրելի մի կերպար, ով հարազատ հետնորդն է Եղիշեի ներբողած Հայոց աշխարհի փափկասուն տիկնանց` Հայրենիքի ու Եկեղեցու նվիրյալների:
Մայր Աթոռի հրատարակչությունն այս վիպակով սկսում է մի մատենաշար, որով կհրատարակվեն մեր պատմության փառավոր էջերի տարբեր դրվագները պատկերող պատմավեպեր, վիպակներ, պատմվածքեր, չափածո ստեղծագործություններ, որոնցում կարտացոլվեն մեր ժողովրդի զավակների` հանուն քրիստոնեական հավատի եւ ազգային ինքնության պահպանման մաքառումներն ու մղած պայքարը: