«Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի հայոց թեմը»
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Սահակ վարդապետ Շաքարյանի «Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի հայոց թեմը» մենագրությունը:
Գրքում հեղինակն արխիվային փաստաթղթերի, պարբերական մամուլի և պատմագիտական գրականության համակողմանի քննությամբ ներկայացնում է Բեսարաբիայի տարածքում հայկական գաղթավայրերի առաջացման, եկեղեցիների կառուցման և տարբեր եկեղեցական-ծխական հաստատությունների ստեղծման ու գործունեության հարյուրամյա պատմությունը, որն ընդգրկում է 1812-1920 թթ. ժամանակահատվածը: Աշխատության մեջ մասնավորապես անդրադարձ է կատարվում Բեսարաբիայի թեմակալ առաջնորդների և հայ նշանավոր գործիչների գործունեությանը: Հեղինակը քննության է առել նաև թեմի տարածքում գտնվող էջմիածնապատկան կալվածքների ընդհանուր դրությունը, քանակը և շահագործման հետ կապված խնդիրները:
Գիրքը հրատարակվել է մեկենասությամբ «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի: