Նոր-Նախիջեւանի եւ Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը պարգեւատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշանով
Հուլիսի 19-ի երեկոյան նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում ունեցավ Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Ընդունելությունը կայացավ Սանկտ Պետերբուրգի պատմամշակութային կենտրոններից մեկում` Տավրիկյան պալատում: Հանդիսությունը ողջույնի խոսքով բացեց Ռուսաստանում ՀՀ Արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, ելույթ ունեցան Հարավ-արեւմտյան տարածաշրջանում ՌԴ նախագահի ներկայացուցիչ Իլյա Կլեբանովը, Նոր-Նախիջեւանի եւ Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանը, շնորհավորելով Սանկտ Պետերբուրգի հայ համայնքին հոբելյանի առիթով, կարեւորեց պետերբուրգյան հայ համայնքի ձեռքբերումները իր երեքդարյա գոյության ընթացքում, տեղի հայերի մասնակցությունը Ռուսաստանի պատմության մեջ:
Ընդունելության ժամանակ ՀՀ նախագահը Նոր-Նախիջեւանի եւ Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանին պարգեւատրեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշանով, Սանկտ Պետերբուրգի Հայ ազգային մշակութային ինքնավարության խորհրդի նախագահ Կարեն Մկրտչյանին եւ ՌԴ վաստակավոր արտիստուհի, «Սանկտ Պետերբուրգի պալատներ» միջազգային երաժշտական փառատոնի գեղարվեստական ղեկավար Մարիա Սաֆարյանցին` «Մովսես Խորենացի» շքանշաններով:
Սանկտ Պետերբուրգի ՀԱԵ լրատվական կենտրոն