Նորօրհնյալ Ս. Մյուռոնով Ջրօրհնեք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Հոկտեմբերի 12-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ եւ Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:
Սրբազան արարողության ընթացքում Արշակ Սրբազանը հավուր պատշաճի քարոզ խոսեց` անդրադառնալով Հայոց Եկեղեցում Ջրօրհնեքի խորհրդին: «Այսօրվա ջրի օրհնությունը վերստին մեզ անդրադառնալ է տալիս հոգեւոր մաքրության անհրաժեշտությանը, որ յուրաքանչյուրս պարտավոր ենք վերստին սրբվել, վերստին մաքրվել, այս ջուրը եւս մեկ անգամ առիթ դարձնել անդրադառնալու համար մեր հոգեւոր ընթացքին, մեր կյանքի տարատեսակ խոտորումներին, սայթաքումներին այլեւս չկրկնելու մտադրությամբ եւ վճռականությամբ»,- նշեց Արշակ Սրբազանը:
Հավարտ Սուրբ Պատարագի նորօրհնյալ Ս. Մյուռոնով, ի խնդիր բարեպաշտ մեր ժողովրդի հավատի նորոգման եւ հոգեւոր կյանքի պայծառության, Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ կատարվեց Ջրօրհնեքի հատուկ արարողություն: Նորին Սրբությունը Ս. Խաչով օրհնեց ջուրը, ապա «Առաքելոյ աղաւնոյ» շարականի երգեցողության ներքո ջրի մեջ հեղեց Սուրբ Հոգու խորհրդանիշ նորօրհնյալ Ս. Մյուռոնը: Այնուհետեւ Վեհափառ Հայրապետը Ս. Խաչը հանձնեց Ջրօրհնեքի արարողության խաչքավոր տիար Հրաչ Բեգլարյանին:
Ջրօրհնեքի ավարտից հետո օրհնված ջուրը բաժանվեց հավատացյալներին, որպեսզի նրանք նույնպես կարողանան անմիջականորեն հաղորդակից դառնալ նորօրհնյալ Մյուռոնի սրբարար շնորհներին:
Ջրօրհնեքի արարողություններ կատարվեցին նաեւ Հայ Առաքելական Եկեղեցու թեմերում: