Նորայր Սիսակյանի ծննդյան 100-ամյակին նվիրված գիտաժողովի մասնակիցները այցելեցին Սուրբ Էջմիածին
Ապրիլի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ակադեմիկոս Նորայր Սիսակյանի ծննդյան 100-ամյակին նվիրված «Կենսաքիմիայի, մոլեկուլյար, ճառագայթային կենսաբանության եւ գենետիկայի հիմնահարցերը» թեմայով միջազգային գիտաժողովի մասնակիցներին: Գիտաժողովի աշխատանքները եւ մասնակիցներին ներկայացրեց ակադեմիկոս Ծովակ Ավագյանը:
Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց հայ ժողովրդի արժանավոր զավակի, մեծանուն գիտնականի հիշատակին նվիրված գիտաժողովների կազմակերպիչներին` կարեւորելով նման միջոցառումների անցկացումը, ինչը նպաստում է ժողովուրդների մերձեցմանը եւ փոխհամագործակցությանը: «Հաճելի է տեսնել, որ այսպիսի առիթները նաեւ ծառայում են բարի ավանդույթների վերականգնմանը մեր երկու ժողովուրդների գիտական շրջանակներում տասնամյակների համագործակցության եւ նաեւ մեր բարեկամության ոգու վերհաստատմանը»,- նշեց Վեհափառ Հայրապետն իր խոսքում: Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարեւոր նկատեց, որ մեծ գործիչների գիտական ձեռքբերումները վերարժեւորվեն, եւ դրանց արդյունքները ծառայեցվեն հանուն մարդկության առաջընթացի եւ բարօրության:
Ներկաների անունից շնորհակալական խոսքով Նորին Սրբությանը դիմեց Նորայր Սիսակյանի որդին` Դուբնայի Միջուկային հետազոտությունների միջազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Սիսակյանը: