Նոյեմբերի 28-ին Աստվածամուխ Ս. Գեղարդը կիջեցվի Ս. Էջմիածնի Մայր Տաճար

Նոյեմբերի 28-ին Աստվածամուխ Ս. Գեղարդը կիջեցվի Ս. Էջմիածնի Մայր Տաճար 12.11.2015
Նոյեմբերի 28-ին Աստվածամուխ Ս. Գեղարդը կիջեցվի Ս. Էջմիածնի Մայր Տաճար

Ի գոհացումն բարեպաշտ հայորդյաց և օտարազգի ուխտավորների, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական սրբատառ կոնդակով, Հայոց Եկեղեցու հիմնադիրներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը հռչակվել է Աստվածամուխ Ս. Գեղարդի ուխտի օր:
Այս տարի Ս. Գեղարդը Ս. Էջմիածնի Մայր Տաճար կիջեցվի նոյեմբերի 28-ին և հնարավորություն կընձեռնվի ուխտավորներին երկրպագելու Ս. Նշանին և համբուրելու՝ հայց մատուցելով առ Աստված, որ Տերը հոգու և մարմնի բժշկություն, հավատքի ամրություն ու արիություն շնորհի նրանց:
Սիրով հրավիրում ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին մասնակցելու Հայոց առաջին լուսավորիչներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնի առիթով մատուցվող սուրբ և անմահ Պատարագին (սկիզբը` 10.30) և ստանալու հրաշագործ Ս. Գեղարդից բաշխվող օրհնությունն ու շնորհները:
Ս. Գեղարդը Մայր Տաճարում կմնա մինչև նույն օրվա երեկո:


ՏԵՂԵԿԱՆՔ
Աստվածամուխ Սուրբ Գեղարդ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում է պահվում համաքրիստոնեական սրբություններից մեկը՝ Աստվածամուխ Սուրբ Գեղարդը, որով նաև օրհնվում է Հայոց Եկեղեցու Սրբալույս Մյուռոնը:
Սուրբ Գեղարդն այն նիզակի ծայրն է, որով հռոմեացի զորականը՝ Ղունկիանոս հարյուրապետը, խոցեց մեր Տեր Հիսուս Քրիստոսին՝ խաչի վրա: Ս. Ավետարանը վկայում է. «Երբ եկան Հիսուսի մոտ և տեսան, որ նա արդեն մեռած էր, նրա սրունքները չկոտրեցին, այլ զինվորներից մեկը տեգով խոցեց նրա կողերը, և իսկույն արյուն և ջուր ելավ» (Հռոմ. 19:33-34):
Հայոց Եկեղեցու սրբազան ավանդության համաձայն, Տերունի այս սրբությունն Ա դարում Հայոց աշխարհ է բերել Քրիստոսի 12 աշակերտներից Ս. Թադեոս առաքյալը: Համաքրիստոնեական այդ սրբությունը դարեր շարունակ պահվել է պատմական Հայաստանի տարբեր վանքերում, իսկ ԺԳ դարից՝ Այրիվանքում, որը հետագայում ի պատիվ Ս. Գեղարդի կոչվել է Գեղարդավանք: ԺԸ դարի երկրորդ կեսին Ս. Գեղարդը բերվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և մինչ օրս պահվում է հանուր հայության հոգևոր կենտրոնում:
Համաձայն պատմական տեղեկությունների, Աստվածամուխ Ս. Գեղարդն իր հրաշագործ զորությամբ փարատել է հոգեկան ու մարմնական հիվանդություններ: Եվ այդ նպատակով՝ ԺԸ-ԺԹ դդ. ընթացքում Ս. Գեղարդը մի քանի անգամ տարվել է Հայաստանի որոշ գավառներ, նաև՝ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի: