Նշանակվեց Բուլղարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի փետրվարի 9-ի Հայրապետական տնօրինությամբ Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանը ս.թ. մարտ 1-ից ծառայության է կոչվում Բուլղարիայի Հայոց թեմում` որպես առաջնորդական տեղապահ:

Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանը (ավազանի անունը` Սամվել) ծնվել է 1972թ. Բաթումի քաղաքում (Վրաստան):

1979-1989թթ. միջնակարգ կրթություն է ստացել տեղի Ստ. Շահումյանի անվան հայկական միջնակարգ դպրոցում:

1989-1995թթ. սովորել է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Հոգեւոր ճեմարանում` պաշտպանելով ավարտաճառ «Հայ դավանաբանական մտքի արձագանքները Ներսես Շնորհալու «Մատթեոսի Ավետարանի մեկնության» մեջ»:

1995թ. ձեռնադրվել է սարկավագ` ձեռամբ Տ. Անանիա եպիսկոպոս Արաբաջյանի:

1996թ. հունիսի 2-ին Մայր Աթոռում ձեռնադրվել է կուսակրոն քահանա` ձեռամբ Տ. Շահե արքեպիսկոպոս Աճեմյանի:

2001-2004թթ. Հայրապետական տնօրինությամբ մեկնել է Ավստրիա եւ ուսանել Զալցբուրգի աստվածաբանական համալսարանում` ստանալով մագիստրոսի աստիճան:

2004թ. վերադառնալով Մայր Աթոռ Սբ. Էջմիածին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ նշանակվել է Վրաստանի հայոց թեմի առաջնորդական փոխանորդ` թեմակալ առաջնորդի իշխանության ներքո:

2007թ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պաշտպանել է վարդապետական թեզ «Դիոնիսիոս Արիսպագացին հայ մատենագրության մեջ» թեմայով եւ արժանացել վարդապետության աստիճանի:

2005-2009 թթ. ծառայել է Սյունյաց թեմում որպես Սյունիքի փոխառաջնորդ:

2010թ. հովվական ծառայություն է իրականացրել Մոնրեալում (Կանադայի Հայոց թեմ):