«Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Կառուցենք հավատով» շինարարական ծրագրի բացման արարողությունը
Սեպտեմբերի 4-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ տեղի ունեցավ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Կառուցենք հավատով» շինարարական ծրագրի բացման հանդիսավոր արարողությունը:
Բացման խոսքով հանդես եկավ «Հայկական Հաբիթաթի» գործադիր տնօրեն Աշոտ Եղիազարյանը: Տիար Եղիազարյանը, ողջունելով ամենքին «Հաբիթաթի» տնօրենների խորհրդի եւ աշխատակազմի անունից, շնորհակալություն հայտնեց կամավորներին եւ աջակից բոլոր այն մարդկանց, ովքեր մաս են կազմում աստվածահաճո այս նախաձեռնության: Ապա «Հայկական Հաբիթաթի» գործադիր տնօրենը հրավիրեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին` աղոթքով բացել հանդիսությունը եւ օրհնության իր պատգամն ուղղել բոլոր ներկաներին:
Տերունական միասնական աղոթքից հետո Նորին Սրբությունն իր օրհնությունը փոխանցեց աշխարհի տարբեր երկրներից Հայաստանում համախմբված կամավորներին, ովքեր իրականացնելու են գեղեցիկ այս ծրագիրը` Հայաստանի կարիքավոր հայորդիների ապահովելով ընտանեկան հարկով: Վեհափառ Հայրապետը անդրադարձավ մեկ տարի առաջ «Հաբիթաթի» տնօրեն վարչությունից եւ Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներից ստացված առաջարկի հիման վրա Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ «Հաբիթաթի» միջեւ կնքված համաձայնագրին` գնահատանք հայտնելով «Հաբիթաթ Միջազգայինի» ղեկավար վարչությանը ի դեմս «Միջազգային Հաբիթաթ»-ի ներկայացուցիչ դոկտոր Քեննեթ Բենսոնի, ինչպես նաեւ ԱՄՆ Եկեղեցիների Ազգային Խորհրդի գլխավոր քարտուղար դոկտ. Բոբ Էդգարին, ովքեր սերտ համագործակցում են Հայ Եկեղեցու թեմերի, եկեղեցականների եւ համայնքների հետ:
Ամենայն Հայոց Հայրապետը մասնավոր իր գնահատանքը հայտնեց բոլոր նվիրատուներին, ծրագրի հովանավորներին ու մասնակիցներին` հորդորելով ժողովրդին մասնակցել այս ծրագրին եւ մաղթելով, որ Տերն օրհնի բարեսիրական այսպիսի նախաձեռնությունները:
«Այս ծրագիրն մի առիթ է յուրաքանչյուր քրիստոնյայի համար` արտահայտելու իր ճշմարիտ ինքնությունը, Տիրոջ պատվիրաններին ու պատգամներին իր հավատարմությունը դրսեւորելու: Մենք գիտենք, որ մեր հավատքը արժեւորվում է, երբ այն վերածվում է գործի եւ արդյունքի, եւ այս մի առիթ է, որպեսզի օգտվենք եւ մեր հավատի զգացումը գործի վերածենք` քրիստոնեական սերն ամբողջապես արտահայտելով մեզ նմանի նկատմամբ, ով կարիքի մեջ է եւ ակնկալում է մեր օգնությունը»,- ասաց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ Եկեղեցու եւ «Հաբիթաթի» այս համագործակցությունը շարունակականություն կունենա, եւ ավելի մեծ թվով բնակարաններ համատեղ կկառուցվեն Հայաստանում կարիքավոր հայորդիների համար:
Խոսքով հանդես եկան նաեւ «Միջազգային Հաբիթաթ»-ի ներկայացուցիչ դոկտոր Քեննեթ Բենսոնը եւ ԱՄՆ Եկեղեցիների Ազգային Խորհրդի գլխավոր քարտուղար դոկտ. Բոբ Էդգարը: