Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԵԽԽՎ նախագահին
Հուլիսի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ պրն. Ռենե վան դեր Լինդենին: Սա վան դեր Լինդենի երկրորդ այցն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Առաջին անգամ նա Մայր Աթոռում եղել էր 2005 թ-ի օգոստոսին:
Նորին Սրբությունը ողջունեց Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահի այցը ամենայն հայոց սրբություն սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` անդրադառնալով Հայաստանում, ինչպես նաեւ նախորդ տարի Աստանայում հոգեւոր առաջնորդների երկրորդ կոնգրեսի ընթացում իրենց ունեցած հանդիպումներին: Վան դեր Լինդենն իր գոհունակությունը հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին` շրջակա միջավայրի պահպանման, ինչպես նաեւ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման ուղղությամբ տարած շարունակական ջանքերի համար:
Ամենայն Հայոց Հայրապետը եւ նախագահ Ռենե վան դեր Լինդենը քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը, ինչով պայմանավորված է արցախաբնակ հայերի ազատ եւ ապահով կյանքը: Հանդիպման ընթացքում խոսվեց նաեւ տարածաշրջանում հայկական մշակութային հուշարձանների ոչնչացման սպառնալիքի եւ հարեւան երկրներում Հայ Եկեղեցու կարգավիճակին վերաբերող խնդիրների շուրջ: