Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սինդեսմոսի անդամներին

Սեպտեմբերի 27-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց տարբեր երկրներից Հայաստան ժամանած` Ուղղափառ երիտասարդների «Սինդեսմոս» համաշխարհային միության ներկայացուցիչների` ուղեկցությամբ Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի աշխատակից Տ. Հովակիմ աբղ. Մանուկյանի:
«Սինդեսմոսի» ներկայացուցիչների անդրանիկ այս այցի նպատակն է հանդիպել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու երիտասարդական միությունների անդամների հետ, ծանոթանալ Հայ եկեղեցու պատմական ու հոգեւոր դարավոր ժառանգությանը, ներկայիս գործունեությանը: Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի հովանավորությամբ եւ Արարատյան Հայրապետական ու Կոտայքի թեմերի Երիտասարդաց միությունների աջակցությամբ միության անդամները Գուգարաց թեմի «Ծիծեռնակ» ճամբարում 5-օրյա կեցության ընթացքին այցելել են Հաղպատի, Կեչառիսի ու Սեւանի Ս. Առաքելոց վանքերը, Սեւանի Հոգեւոր դպրանոց, հանդիպել հայ հոգեւորարականների հետ:
Հանդիպման սկզբին խմբի անդամների անունից շնորհակալական խոսքով Նորին Սրբությանը դիմեց «Սինդեսմոսի» փոխնախագահ Սպիրոս Ծիմուրիսը` երախտագիտություն հայտնելով ջերմ հյուրընկալության համար:
Ապա Ֆինլանդիայից, Ռումինիայից, Ռուսաստանից, Անգլիայից, Հունաստանից ժամանած ներկայացուցիչներին իր օրհնությունը բաշխեց Ամենայն Հայոց Հայրապետը: «Ուրախ ենք, որ Հայաստանում եք, առիթն ունեք ճանաչելու Հայաստանը եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին եւ իր 1700-ամյա առաքելությունը, ծանոթանալու մեր Եկեղեցու լայնախոհ եւ ուղղափառ ոգուն»,-ասաց Նորին Սրբությունը` կարեւոր նկատելով երիտասարդների կողմից կատարվող աշխատանքը եկեղեցիների միության ոլորտում: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ այն պարագային, որ «Սինդեսմոսի» շարժման մեջ ներգրավված են նաեւ Հայ Եկեղեցու երիտասարդաց միությունները, եւ վստահություն հայտնեց, որ այսօրինակ հանդիպումները կշարունակվեն եւ լավ արդյունքներ կարձանագրեն: