Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման եւ գահակալության 7-րդ տարեդարձը
Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում նշվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման եւ գահակալության 7-րդ տարեդարձը
Մայր Աթոռ է բերվել Սկեւռայի մասնատուփը
Կիրակի, նոյեմբերի 6-ին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական օծման եւ գահակալության 7-րդ տարեդարձը: Այս առիթով հայոց բոլոր եկեղեցիներում հավարտ Սբ. Պատարագի կատարվեց Հայրապետական մաղթանք:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Սբ. Պատարագ մատուցվեց հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Հայրապետի: Պատարագիչն էր Ավստրալիայի ու Նոր Զելանդիայի թեմի առաջնորդ Տ. Աղան արքեպիսկոպոս Պալիոզյանը:
Սբ. Պատարագի ավարտին Իջման Սբ. Սեղանի առջեւ կատարվեց Հայրապետական մաղթանք: Մինչ արարողությունը արտասանած իր քարոզում Աղան Սրբազանն ընդգծեց այն սրբազան դերն ու նշանակությունը, որ ունեցել եւ ունի հայ ժողովրդի կյանքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, եւ կոչ արեց մշտահունչ աղոթքի, որ Աստված անսասան պահի Մայր Աթոռը եւ երկար ու բեղուն կյանք շնորհի Հայոց Հայրապետին:
Շնորհավորելով ազգընտիր Հայրապետին յոթնամյա գահակալության առիթով` Աղան Սրբազանը նշեց. «Այս յոթ տարիները եկան մեզ ասելու եւ հաստատելու, որ Վեհափառ Հայրապետի հոգատար աջը հովանի է ոչ միայն այս հողատարածքի, ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ Սփյուռքի հայության վրա: Եթե նայելու լինենք անցած յոթ տարիներին, ապա կտեսնենք, թե ինչպիսի վայրերում ու տարածքներում է բնակություն հաստատել Լուսավորչի լույս հավատքը: Այն տաճարները, այն եկեղեցիները, որ կառուցվել են, կառուցվել են, որպեսզի Լուսավորչի հավատքը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատքը հասնի յուրաքանչյուր հայորդու` լինի Հայաստանի, թե Սփյուռքի մեջ»: Վերջում Սրբազան Հայրը ողջ հոգեւոր դասի ու հավատացյալ հոտի կողմից մաղթեց, որ Վեհափառ Հայրապետի գավազանը մշտապես ծաղկյալ մնա, իսկ աշխատանքի դաշտը` լայն ու ընդարձակ, որպեսզի նա հասնի մեր ժողովրդի ծով կարիքներին:
Ամենայն Հայոց Հայրապետի գահակալության առթիվ Հայ Եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին էր բերվել քրիստոնյա աշխարհի կարեւորագույն սրբություններից մեկը` Սկեւռայի մասնատուփը: 1283թ. Սսի Կոստանդին արքեպիսկոպոսի հրամանով ստեղծված եւ 18 սրբերի (Սբ. Պողոս, Պետրոս, Թադեւոս, Բարդուղիմեոս առաքյալների, սբ. Գրիգոր Լուսավորչի, Հակոբ Մծբնա հայրապետի, Հովհան Ոսկեբերանի, սբ. Կատարինեի եւ այլոց) մասունքներ պարունակող Սկեւռայի նշանավոր մասնատուփը 500 տարի համարվում էր կորած: 1884թ. Փարիզում այն գնվում է Բազիլեւսկու բարձրաժեք իրերի հավաքածուից Էրմիտաժի կայսերական հավաքածուի համար: 2000թ. Սանկտ-Պետերբուրգի Սբ. Կատարինե եկեղեցու օծման առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի` Ռուսաստանի հայոց թեմ կատարած այցի ժամանակ մասունքները էրմիտաժի կողմից նվիրաբերվում են Հայոց Եկեղեցուն եւ պահվում նորաօծ Սբ. Կատարինե եկեղեցում: Վեհափառ Հայրապետի գահակալության 7-րդ տարեդարձի առիթով Սբ. Էջմիածին բերված մասնատուփը մեկ շաբաթ Մայր Տաճարում գտնվելուց հետո կտեղափոխվի Մայր Աթոռի «Ալեք եւ Մարի Մանուկյան» գանձատուն:
Հայրապետական մաղթանքն ավարտվեց Նորին Սրբության օրհնության խոսքով: Վեհափառ Հայրապետն իր ուրախությունը հայտնեց Սկեւռայի սրբազան մասունքների` Մայր Աթոռ բերվելու կապակցությամբ եւ կոչ արեց, որպեսզի «.... ազգս հայոց ուխտի գա, խոնարհում եւ երկրպագություն բերի այս նվիրական մասունքներին, որպեսզի մեր սրբերի հրաշափառ զորությունը հեղվի նրանց կյանքերից ներս, հեղվի իրենց օջախներում եւ հայոց աշխարհում ամենուր: Եվ այդ օրհնության ներքո ապրենք մենք` մեր նվիրյալ ծառայությունը բերելով մեր Եկեղեցուն, մեր հայրենիքին եւ մեր ժողովրդին»: