Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը գիտելիքի օրվա առիթով

Ամենայն Հայոց Կաթողիկոսի` Գիտելիքի օրվա շնորհավորական ուղերձը

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
(1 սեպտեմբերի, 2014 թ.)


   Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք հղում և շնորհավորում կրթության գործի նվիրյալներին, բոլոր մանկավարժներին, ուսանողներին և աշակերտներին Գիտելիքի օրվա առիթով:
Այսօր կրթական մեր բոլոր հաստատությունները դարձյալ իրենց լուսավոր հարկի ներքո են ընդունել մեր սիրասուն զավակներին` հրավիրելով քայլելու գիտելիքի ամբարման, հոգևոր արժեքների ճանաչման և իմաստության ճանապարհներով: Մեր ժողովուրդը միշտ կարևորել է գիտելիքը և ուսումը, որոնք առանցքային նշանակություն են ունեցել մեր կյանքում:

   Այսօր ևս մեր երկրի հզորացման, հայրենյաց կյանքի բարօրության, մեր պետության սահմանների ամրության և մեր ժողովրդի պայծառ գալիքի համար անգնահատելի է ազգի ուսյալ զավակի և քաղաքացու դերը, քանզի սուրբգրային խոսքի համաձայն` տունը շինվում է իմաստությամբ և հաստատվում հանճարով, և գիտությամբ են շտեմարանները լցվում ամենայն պատվական հարստությամբ և բարիքով (Առակներ 24:3-4):

   Սիրելիներ, Մեր հայցն է առ Աստված, որ ուսման սերը անբաժան լինի մեր զավակների սրտերից, և ուսումնական նոր տարում առատորեն արդյունավորվեն մեր մանկավարժների նվիրյալ ջանքերը` հանուն մեր նոր սերնդի որակյալ կրթության, հայրենյաց ավանդներով ու քրիստոնեական մեր արժեքներով դաստիարակության և մեր Հայրենիքի և ի սփյուռս աշխարհի մեր ժողովրդի խաղաղ ու երջանիկ ապագայի:

   Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, սերը և ողորմությունը թող լինեն ձեզ բոլորիդ հետ: Ամեն:

 

Օրհնությամբ`

ԳԱՐԵԳԻՆ Բ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ