Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը Հաղթանակի եւ Խաղաղության օրվա առիթով
Սիրելի հավատավոր զավակներ մեր ի Հայաստան, յԱրցախ եւ ի Սփյուռս,
Համայն հայության հոգևոր օրրան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում Ձեզ Մայիսի 9-ի` Հաղթանակի ու Խաղաղության օրվա բերկրալի առիթով:
Այսօր նշվում է ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի օրը, որ տոն է խաղաղության, չարիքի ու ատելության դեմ բարու եւ եղբայրսիրության հաղթանակի: Այս տոնը կրկնակի ուրախությամբ է լցնում սիրտը յուրաքանչյուր հայորդու, քանզի քսան տարիներ առաջ այս օրը` մայիսի 9-ին, ազատագրվեց հայրենի մեր Արցախ աշխարհի սիրտն հանդիսացող Շուշին: Շուշիի ազատագրումը դարձավ Արցախաբնակ մեր հայորդիների ազատության եւ ինքնորոշման աստվածադիր իրավունքի պաշտպանության հաղթական պայքարի առանցքային հանգրվաններից մեկը` ոսկե տառերով գրվելով ազգային մեր արդի պատմության տարեգրության մեջ:
Հոբելյանական այս օրը խոնարհումով ենք հիշում Մեծ Հայրենականի եւ Արցախյան հերոսամարտի տարիներին անձնուրացորեն սեփական կյանքը Հայրենիքին զոհաբերած մեր քաջազուն զավակներին` հայցելով, որ Բարեգութ Տերն հանգստություն պարգևի նրանց հոգիներին ու հանգչեցնի Իր լույս օթևանների մեջ:
Քրիստոսահաստատ Մայր Տաճարի Իջման Սուրբ Սեղանի առաջ ի խորոց սրտի աղոթում ենք, որ Ամենակեցույցն Աստված հարատեւ ու անսասան պահի խաղաղությունն արարչաստեղծ աշխարհում, ամրացնի եղբայրությունը, սերն ու հանդուրժողականությունը մարդկանց սրտերում, եւ մաղթում ենք, որ մարդկային միտքը, տաղանդն ու կարողությունները ծառայեն միայն բարի նպատակների ու հանուր մարդկության բարօր կյանքի ու առաջընթացի համար նպաստող ձեռնարկներին` իրականություն դարձնելով Եսայի մարգարեի կանխասացությունը, թե` Տերն այնպես պիտի փոխի մարդկանց սրտերը, որ «....Նրանք իրենց սուսերներից խոփեր պիտի ձուլեն, եւ իրենց սվիններից՝ մանգաղներ. ազգ ազգի վրա սուր չպիտի բարձրացնի, եւ նրանք այլևս չեն սովորելու պատերազմել» (Եսայի Բ 4):
Թող Տերը երկնառաք օրհնությամբ` Ամենախնամ Իր աջի հովանու ներքո պահի եւ պահպանի Հայաստան եւ Արցախ Հայրենի մեր երկիրը եւ աշխարհասփյուռ ազգս Հայոց: