Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ԵՒ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ

Այսօր կորստի ցավն ու տխրությունը մեր սրտում` հրաժեշտ ենք տալիս հանրաճանաչ բանաստեղծուհի եւ հրապարակախոս, մեր ժողովրդի եւ մեր Սուրբ Եկեղեցու արժանավոր զավակ Սիլվա Կապուտիկյանին: Ուղեկցում ենք նրան դեպի հայ մեծերի Պանթեոն, դեպի հավերժական կյանքի ճանապարհ, դեպի վերջին հանգրվանը` Աստծո ողորմած հայացքի ներքո:

Աստված օրհնեց հոգելույս մեծանուն բանաստեղծուհուն` երկար կյանք պարգեւելով ու բեղուն գրիչ, որը նա սիրով ու նվիրումով ծառայեցրեց իր Հայրենիքին ու ժողովրդին: Բոլորիս մանկուց է ծանոթ Սիլվա Կապուտիկյանի անունը, որը ամեն հայ մանուկի հոգում նույնանում է հայոց լեզուն իրեն հանձնող պատգամի հետ: Պատգամ, արդարեւ, նրա ստեղծագործությունը եւ ապրած կյանքը կրում են այդ կնիքը: Հայրենիքը սիրելու, ազգը սիրելու պատգամը, մեր նախնյաց հույսերի ու իղձերի տերը լինելու պատգամը, դեպի գալիքը, դեպի հավերժությունը հավատով նայելու պատգամը: Սիլվա Կապուտիկյանի գրական ժառանգությունը տասնամյակներ արդեն կարդում, գնահատում ու սիրում են Հայաստանում եւ Սփյուռքում: Իբրեւ տաղանդավոր հայ գրող նրան ճանաչում են օտարազգի արվեստագետները: Մեր գրականության ու մշակույթի հարուստ ու կարեւոր մի դարաշրջան է ներկայացնում Սիլվա Կապուտիկյանը իր սերնդակից բազմաթիվ մշակութային գործիչների հետ, ովքեր բարդ ժամանակում տրոփուն պահեցին մեր գրականության ու մշակույթի զարկերակը, ապրեցին ու ստեղծագործեցին հայության վերածննդի, Հայաստանի ազատության, մեր ժողովրդի միասնական, լուսավոր գալիքի հավատով:

Երջանիկ էր Սիլվա Կապուտիկյանը, որ իր հոգու բոլոր ուժերը ներդրեց մեր անկախ պետականության վերահաստատման սուրբ նպատակին, տեսավ Հայաստանի ու Արցախի ազատ կյանքը եւ անձնվեր ծառայեց մեր հասարակական կյանքի բարենորոգման ու ամրապնդման նվիրական գործին: Ստեղծագործական ծանրակշիռ վաստակով, ծառայասիրության օրինակով, գնահատված ու մեծարված` մեծազնիվ դուստրը մեր ժողովրդի այսօր հանգրվանում է հայոց մեծերի կողքին, նրանց հետ միասին միշտ արթուն հոգով հսկելու հայոց կյանքը, նրանց հետ հավերժ ներկայությամբ իր հոգու շնորհալի գանձերը, սերն ու նվիրումը բերելու հայ կյանքին:

Մեծանուն բանաստեղծուհու հիշատակը միշտ պայծառ ապրելու է նաեւ իր եկեղեցասիրությամբ, եկեղեցական կյանքում իր մշտական ներկայությամբ, քանզի Սիլվա Կապուտիկյանը այն մտավորականներից էր, ովքեր միշտ որդիական սիրով կապված եղան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, եղան կողքին երջանկահիշատակ Վագեն Ա Հայրապետի: Հանուն Գերագույն Հոգեւոր Խորհրդի եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության Մեր խորին ցավակցությունն ենք բերում Արա Շիրազին եւ հանգուցյալի բոլոր մերձավորներին: Աղոթում ենք, որ Բարձրյալն Աստված երանավետ Իր բարձունքներում լույսերի ու խաղաղության մեջ ընդունի հոգին իր աղախնի եւ Սուրբ Հոգու շնորհով մխիթարություն պարգեւի նրա վշտացյալ հարազատներին:

Խունկ, աղոթք եւ օրհնություն բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի պայծառ հիշատակին:

Վասն հանգուցեալ հոգւոյն աղաչեսցուք զՓրկիչն մեր Քրիստոս, զի զսա ընդ արդարսն դասեսցէ եւ զմեզ կեցուսցէ շնորհիւ ողորմութեան Իւրոյ: Ամէն: