Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ԵՎ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում Հայոց բանակի զորահրամանատարներին, զինծառայողներին եւ համայն մեր ժողովրդին` Հայոց բանակի օրվա առիթով:
Գոհություն Աստծո, որ այսօր զորեղ է մեր բանակը, հաղթական է մեր զինվորների ոգին` միշտ աննվազ սիրով ու նվիրումով առ Հայրենին: Այսօր Հայոց բանակի հուսալի պաշտպանությամբ ապահով են մեր երկրի սահմանները եւ մեր ժողովուրդը խաղաղության մեջ կառուցում է իր նոր, ազատ կյանքը:
Աղոթում ենք, որ Տերը Հայոց բանակի սպաներին եւ մարտիկներին իրենց քաջարի եւ ազնվասիրտ ծառայության մեջ պարգեւի նորանոր հաջողություններ: Թող Բարձրյալի օրհնության ներքո միշտ հզոր լինի մեր բանակը, խաղաղ ու բարօր` կյանքը մեր Հայրենիքի, աշխարհասփյուռ համայն մեր ժողովրդի: