Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

«Սիրելի ժողովուրդ հայոց, ի Հայաստան, Արցախ եւ ի Սփյուռս:

Ուրախության եւ մխիթարության զգացումով են համակված այսօր մեր բոլորի սրտերը: Ոգեկոչում ենք Հայաստանի առաջին Հանրապետության հռչակումը, որ նվիրագործված է Սարդարապատում, Բաշ Ապարանում եւ Ղարաքիլիսայում մեր ժողովրդի մղած մայիսյան հերոսամարտերի նվիրական ու պանծալի հիշատակներով:

Այսօր վերստին անկախ է մեր Հայրենիքը: Մայիսյան փառապանծ հաղթանակներով փրկված հայրենի փոքրիկ հողի վրա մեր ժողովուրդն ապրում է իր ազատ նոր կյանքը, շենացնում Հայրենիքը, առ Աստված նույն հավատով եւ առ հայրենին նույն սիրով մարմնավորում միացյալ ու պայծառ ազգային մեր կյանքի իղձերն ու ձգտումները:

Օրհնություն եւ փառք ազատասեր ու խաղաղասեր մեր ժողովրդին, հարատեւ աղոթք եւ խոնարհում` հանուն Հայրենյաց նահատակված մեր բոլոր հերոսներին:

Թող Աստված օրհնի եւ խաղաղ պահի հայրենի մեր երկիրը` Իր բյուր շնորհներով զորացնելով եւ միաբանելով աշխահասփյուռ ազգս հայոց` ի բարօրություն եւ ի փառս մեր Հայրենիքի եւ ի պայծառություն մեր Սուրբ Եկեղեցու: Ամեն»: