Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ԽՈՍՔԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ ԱՌԻԹՈՎ
Խորը ցավով սգում ենք անսպասելի մահը ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի: Մեծ է կորուստը հայրենի մեր պետության, ժողովրդի եւ Մարգարյան ողբացյալ ընտանիքի:
Վաղաժամ ավարտվեց երկրային կյանքը մեր ժողովրդի նվիրյալ զավակ, հայրենասեր ու ազգանվեր պետական-քաղաքական գործիչ հոգելույս Անդրանիկ Մարգարյանի: Բարեհիշատակ վարչապետը առանձնակի նախանձախնդրությամբ իր կարեւոր ներդրումը բերեց Հայրենի պետականության զորացման, հայոց նոր կյանքի կերտման եւ մեր ժողովրդի վաղվա լուսավոր օրը կառուցելու շնորհակալ գործին:
Երախտարժան է վաստակը հանգուցյալ վարչապետի նաեւ Եկեղեցի-պետություն հարաբերությունների ամրապնդման ու արդյունավորման գործում:
Վշտալի այս պահին հանուն Գերագույն Հոգեւոր Խորհրդի եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության` աղոթքով սրտակից ենք հանգուցյալի սգակիր այրուն եւ զավակներին, ՀՀ նախագահին, հայոց պետական ավագանուն, ննջեցյալի մերձավորներին ու կուսակիցներին եւ համայն մեր ժողովրդին:
Աղոթում ենք առ Բարձրյալն Աստված, որ երկնից երանավետ հանգրվաններում լույսերի եւ խաղաղության մեջ ընդունի հանգուցյալի հոգին եւ Իր Սուրբ Հոգու մխիթարությունն ու սփոփանքը պարգեւի վշտացյալ բոլոր սրտերին:
Խունկ, աղոթք եւ օրհնություն հոգելույս Անդրանիկ Մարգարյանի բարի հիշատակին:
«Զննջեցեալս մեր արժանի արա, Տէ°ր, ընդունիլ ի կեանսդ յաւիտենից. Ամէն»:
Վշտակից սիրով եւ օրհնությամբ`
ԳԱՐԵԳԻՆ Բ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ