Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ
ԱՄԱՆՈՐԻ ԱՌԻԹՈՎ
(31 դեկտեմբերի, 2011 թ.)

 Սիրելի բարեպաշտ հավատացյալ ժողովուրդ.
 Տարեմուտի բարի մաղթանքներով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ողջունում և Մեր օրհնությունն ենք բերում ձեզ ի Հայաստան և ի Սփյուռս:
 Նոր հույսերով ու ակնկալիքներով դիմավորում ենք 2012 թվականը: Ամանորի սեմին առատացնում ենք նաև մեր աղոթքները` սպասելով մեր Տիրոջ Սուրբ Ծննդյան բարի ավետիսին, որը ամեն նոր տարվա հետ լցնում է աշխարհը երկնային շնորհներով և բերում պատգամը խաղաղության և մարդկանց մեջ սիրո ու համերաշխության:
 Տիրոջ ողորմությամբ 2011 թվականը խաղաղ տարի եղավ մեր ժողովրդի համար: Պաշտպանված եղան մեր երկրի սահմանները, մեր եկեղեցիներից գոհաբանական աղոթք բարձրացավ երկինք: Հայրենիքում և Սփյուռքում մեր ժողովուրդը ջանաց իր կյանքի բարելավման ու ապահովության համար: Վաղվա լուսավոր օրը կերտելու վստահությամբ դիմագրավեց մեր կյանքում դեռևս առկա դժվարություններին, համբերեց նեղությունների մեջ, ապրեց ու ստեղծեց իր իղձերը մարմնավորելու տեսիլքով ու կամքով և արդար հպարտությամբ ի սփյուռս աշխարհի տոնեց 20-ամյակը վերահաստատված մեր անկախ պետականության: Փառք ենք մատուցում Տիրոջը, որ օրհնեց մեր երկրի շենացման, ազգային և եկեղեցական մեր կյանքի զորացման համար մեր ժողովրդի ներդրած ջանքերը, հանձնառությունն ու նվիրումը:
Լավատեսության այս ոգով, սիրելի բարեպաշտ ժողովուրդ, դիմավորենք նոր տարին: Մենք ենք 2012 թվականը դարձնելու ձեռքբերումներով և ուրախությամբ լեցուն, մեր խնդիրների վճռման և մեր նպատակների իրագործման օրհնյալ ժամանակ: Քիչ չեն մեր կյանքի հրամայականներն ու անհրաժեշտությունները. յուրաքանչյուրիս ջանք ու նվիրումով, ազգի, Եկեղեցու, Հայրենիքի և միմյանց հանդեպ մեր սիրով ու պատասխանատվությամբ է պայմանավորված մեր կյանքի խաղաղ զարգացումն ու առաջընթացը: Մեր ամեն քայլում, խոսքում և գործում լինենք միասնական, լինենք արդարամիտ, բարեխիղճ ու գթասիրտ, որպեսզի կարողանանք վերափոխել մեր կյանքը և մեզ ընձեռնված ժամանակը պանծալի ձեռքբերումներով դարձնել գրո արժանի հայոց տարեգրության մեջ:
Իրադարձային է 2012 թվականը: Պետականորեն և համազգային շուքով նշելու ենք հայ գրատպության 500-ամյա հոբելյանը: Ֆրանսիայի Սենատում քննարկման է դրվելու, և հույս ունենք, որ վավերացվելու է, Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Եկող տարի մեզ սպասում են նաև Ազգային Ժողովի ընտրությունները` առիթ ամենայն ջանք գործադրելու, որ մեր ժողովուրդը ազատ կամքի արտահայտությամբ առավել զորացնի ամուր հիմերը հայոց պետականության և իր բարօր ու շեն կյանքի: Հզոր ու ծաղկուն Հայրենիքը հույսն ու երաշխիքն է մեր լուսավոր գալիքի, ապահովությունը, բարգավաճումն ու բազմապատկումը մեր ընտանիքների, գրավականը հայրենադարձության, զորեղ կռվանը հայապահպանության, որ Սփյուռքում ապրող հայության սերունդները հարազատության ամուր կապով կապված լինեն Մայր Հայրենիքին և մասնակից` հայրենական կյանքին: Լավատեսությունը մեր հոգում, մեր ուժերի հանդեպ վստահությամբ ապրենք, սիրելի ժողովուրդ, և հավատանք, որ մեզ հաջողություններ կպարգևի Տերը, Ով հաղթանակով պսակեց մեր անկախ պետականության վերահաստատումը և օրհնեց մեր պետական, ազգային ու եկեղեցական կյանքի ձեռքբերումները:
Տարեմուտի այս հուսառատ պահին, երբ ընտանյաց անդամներով, ընկերներով, բարեկամներով համախմբված դիմավորում ենք Ամանորը, մեր առաջին աղոթքը վերառաքենք առ Աստված և հայցենք, որ խաղաղություն պարգևի աշխարհին, խաղաղ պահի մեզ Հայրենիքում և Սփյուռքում` հավատքով զորավոր, գործով հաղթական: Թող Տիրոջ շնորհներն ու օրհնությունը հեղվեն մեր կյանքին և Իր բարեխնամ առաջնորդությունը լինի մեզ հետ` այսօր և միշտ:
Շնորհավոր նոր տարի: