Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ 20-ԱՄՅԱԿԻ ԱՌԻԹՈՎ

Սիրելի ժողովուրդ ի Հայաստան, յԱրցախ եւ ի Սփյուռս.

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ողջույն ենք հղում եւ Հայրապետական Մեր օրհնությունը բերում ձեզ` Արցախյան շարժման 20-րդ տարեդարձի առիթով:

1988 թ. այս օրերին սկիզբ առած ազատագրական պայքարում, պաշտպանելով Արցախի հայության ազատ ապրելու իրավունքը, չընկրկելով զրկանքների ու զոհողությունների առջեւ, հավատավոր մեր ժողովուրդը հաղթանակել է Աստծո ողորմությամբ: Հաղթական են նաեւ Արցախում պետականության կառուցման, երկրի շենացմանն ու առաջընթացին ուղղված ջանքերը մեր ժողովրդի, որ այսօր շարունակվում են աննվազ հավատով ու լավատեսությամբ, Մայր Հայաստանի հետ Արցախի միացյալ նոր կյանքը կառուցելու վստահությամբ:

Աղոթում ենք առ Աստված, որ խաղաղության Իր շնորհի ներքո պահպանի մեր Հայրենիքն ու համայն ժողովրդին եւ արժանի դարձնի մեզ շուտով տեսնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգայնորեն ճանաչումը, որ արդար իրավունքն է Արցախի հայության:

Թող Տերը հավատով պայծառ եւ հայրենյաց սիրով զորացյալ պահի մեր ժողովրդին եւ պարգեւի նոր ձեռքբերումներ` մարմնավորելու իր հույսերը, կառուցելու իր միացյալ, բարօր ու լուսավոր գալիքը: