Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ շնորհավորանքներն ենք բերում համայն մեր ժողովրդին Հանրապետության տոնի առիթով:
Այսօր տոնախմբում ենք Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրումը, արդար հպարտությամբ հիշելով մայիսյան հերոսամարտերը Սարդարապատում, Ղարաքիլիսայում ու Բաշ Ապարանում, երբ միաբանված մեր ժողովուրդը կենաց ու մահու պայքարով դիմակայեց Թուրքական բանակին և համազգային հաղթանակով ապահովեց հայրենի հողում ապրելու, իր երկիրը շենացնելու աստվածշնորհ իրավունքը: Տիրոջ առաջնորդությամբ հայրենասիրության նույն ջերմ զգացումով և անվեհեր ոգով այսօր Մեր զավակները պաշտպանում են Հայաստանի և Արցախի սահմանները՝ իրենց սխրանքներով հիշատակի արժանի նոր էջեր հավելելով մեր պատմությանը: Մեր հայրենիքի ազատության ու խաղաղության համար իրենց կյանքը զոհաբերած մեր հերոս զավակների ու սերունդների առջև պարտք ունենք, և այն մեր երկրի հզորացումն է, մեր ժողովրդի բարօրությունը, մեր պետականության ամրապնդումն ու ապահովությունը:
Հանրապետության տոնի այս նշանակալի օրը առ Աստված աղոթքով Բարձրյալի հանապազ զորակցությունն ենք հայցում հավատավոր մեր ժողովրդին՝ անկոտրում ոգով ու պատրաստակամ hանձնառություններով կերտելու մեր Հայրենիքի պայծառ, շեն ու բարօր ապագան: Թող Բարձրյալն Աստված
անխաթար խաղաղություն պարգևի մեր երկրին և առատապես օրհնի Քրիստոսասեր մեր ժողովրդին ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս: