Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՎԵՏՄԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում աշխարհասփյուռ մեր ժողովրդին Ավետման տոնի առիթով եւ շնորհավորում կանանց ու մայրերին` Մայրության եւ գեղեցկության օրվա կապակցությամբ:
Փրկչի ծննդյան ավետումը Սուրբ Աստվածածնին` աշխարհի փրկության աստվածային խոստումի բարի լուրն էր, վկայությունը Բարձրյալի անսահման սիրո ու խնամքի մարդկության հանդեպ:
Սուրբ Աստվածածինը օրինակ է առաքինության, բարեպաշտության, առ մարդիկ սիրո ու նվիրումի: Թող Աստվածամոր լուսավոր կերպարը այսօր եւ միշտ ոգեշնչի եւ առաջնորդի կանանց` ապրելու առ Աստված հավատքով, ծառայելու մեր երկրի առաջընթացին, ընտանիքների բարօրությանն ու ամրությանը, մայրական հոգածությամբ դաստիարակելու արժանավոր զավակներ հավատավոր մեր ժողովրդի, Հայրենիքի եւ Սուրբ Եկեղեցու:
Աղոթում ենք, որ Փրկիչ մեր Տերը շնորհազարդի տիկնանց եւ օրիորդաց` Ամենախնամ Իր Սուրբ Աջի հովանու ներքո պարգեւելով երջանկություն եւ բյուր բարիքներ, եւ Սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ Տիրոջ օրհնությունը առատ արգասիքներ բերի մեր կյանքում, համայն աշխարհում: