Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԱՌԻԹՈՎ
(Երեւան, 30 հուլիսի, 2009 թ.)

Մեծարգո Նախագահ,
Հարգարժան նախարար,
Սիրելի Հայոց բանակի հրամանատարական կազմի ներկայացուցիչներ, շրջանավարտներ եւ բարեպաշտ ժողովուրդ հայոց,

Ուրախ ենք ողջունելու ձեզ Պաշտպանության նախարարության ռազմաուսումնական հաստատությունների ավարտական հանդիսության այս օրհնյալ օրը: Ավարտական վկայականների հանձնման նշանակալի առիթով Հայրապետական սիրով Մեր բարեմաղթանքներն ու շնորհավորանքներն ենք բերում ձեզ` սիրելի շրջանավարտ սաներիդ Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտի, որի հիմնադրման 15-ամյակն է նաեւ տոնախմբվում այսօր, ինչպես նաեւ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի եւ Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի: Մեր գնահատանքն ենք բերում բարեջան դասախոսներին եւ տեսչական մարմիններին, որ տարիներ շարունակ իրենց ջանադիր աշխատանքով եւ բեղուն գործունեությամբ կրթում եւ դաստիարակում են արժանավոր սպաներ Հայոց բանակի, որպեսզի մեր բանակը միշտ լինի մարտունակ ու անպարտելի եւ զորավոր լինի բազուկը հայ զինվորի:

Մեր պատմության ընթացքում Հայրենիքի պաշտպանների ուխտը` հաստատված Ամենազոր Աստծո եւ ժողովրդի առջեւ, ազգային կյանքում դրսեւորվել է անձնվիրության ու անձնազոհության հիանալի օրինակներով, դժվարությունների առջեւ երբեք չընկճվելու եւ նվիրյալ ծառայությունը հաղթանակներով պսակելու հերոսական առաքելությամբ: Այս քաջարի ոգին, նվիրումն ու հավատարմությունը առ Հայրենին միշտ կենդանի է հայոց սրտերում, որի վկայությունը եղավ հաղթանակը Արցախյան հերոսամարտում, Հայոց բանակի առավել հզորացումը եւ նշանակալի ձեռքբերումները:

Որպես Ամենայն Հայոց Հայրապետ` այսօր փառք եւ գոհություն ենք վերառաքում Ամենակարող Աստծուն, որ զորեղ է Հայոց բանակը ազգանվեր ծառայությամբ մեր զորականների ու զինվորների, ովքեր գիտակցում են, որ հաղթանակը ձեռք է բերվում ոչ միայն զենքով, այլեւ առ Աստված հավատքով, Հայրենյաց սիրով, ազգային սրբազան մեր արժեքները պաշտպանելու նախանձախնդրությամբ ու հոգու խիզախումներով:

Սիրելի զինվորներ եւ զորականներ, երկնավորի օրհնությունն ու հովանավոր Աջի զորակցությունն ենք հայցում ձեզ, որպեսզի մշտարթուն ծառայությամբ լինեք պաշտպանը խաղաղության, բարու, արդարության ու ճշմարտության: Թող Աստված խաղաղ պահի Հայրենի մեր երկիրը, հայոց պետականությունը, զորացնի յուրաքանչյուրիս մեր ծառայության մեջ եւ մաքուր երկնքի ներքո առաջընթաց ու բարօրություն պարգեւի աշխարհասփյուռ մեր ժողովրդին: Թող միշտ շողա փառքն ու պարծանքը Հայոց բանակի` հանուն Տիրոջ Սուրբ Անվան, հանուն հայոց ներկայի ու գալիքի:

Պահպանիչ եւ յոյս հաւատացելոց Քրիստոս Աստուած մեր,
պահեա° եւ պահպանեա° զհայրենի երկիրս մեր Հայաստան,
զիշխանութիւն եւ զպաշտօնեայս սորա, զզօրս եւ զզօրականս Հայոց բանակի,
զԵկեղեցիս Հայաստանեայց եւ զազգս Հայոց
ընդ հովանեաւ սուրբ եւ պատուական
Խաչի Քո ի խաղաղութեան.
փրկեա° եւ ազատեա° յերեւելի եւ յաներեւոյթ թշնամւոյն:
Արժանաւորեա° գոհութեամբ փառաւորել զՔեզ ընդ Հօր
եւ ընդ Սրբոյ Հոգւոյն,
այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն: