Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ՎԼԱԴԻՄԻՐ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ՀՈԳԵՀԱՆԳՍՏՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԱՌԻԹՈՎ

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ՎԼԱԴԻՄԻՐ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ՀՈԳԵՀԱՆԳՍՏՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԱՌԻԹՈՎ

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ԽՈՍՔԸ ՎԼԱԴԻՄԻՐ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ՀՈԳԵՀԱՆԳՍՏՅԱՆ
ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԱՌԻԹՈՎ

«Հավատի բարի մա՛րտը մղիր և պի՛նդ կառչիր
հավիտենական կյանքից, որին կանչվեցիր»
(Ա Տիմ. 6.12)

Սիրելիներ,

Այսօր սգակիր սրտով հավաքվել ենք հրաժեշտ տալու և դեպի հավիտենություն ճանապարհելու Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու, մեր ժողովրդի նվիրյալ զավակ, պետական և քաղաքական ականավոր գործիչ Տիար Վլադիմիր Մովսիսյանին:

Ցավ է ամենքիս համար վաստակաշատ հայորդու կորուստը: Հանուն Գերագույն Հոգևոր Խորհրդի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության` բերում ենք Մեր խորին վշտակցությունը հանգուցյալի հարազատներին, մերձավորներին, գործընկերներին և բոլոր սգացյալներին:

Բարեհիշատակ Վլադիմիր Մովսիսյանը փորձառու և նախանձախնդիր պետական գործիչ էր, ով երկարամյա արդյունաշատ ծառայությամբ, օրինակելի վաստակով մեծ ավանդ է բերել մեր Հայրենիքի և ժողովրդի կյանքում: Երկրավոր իր ճանապարհը նա անցավ հավատավոր ու բարեպաշտ ընթացքով` համաձայն առաքյալի հորդորի. «Հավատի բարի մա՛րտը մղիր և պի՛նդ կառչիր հավիտենական կյանքից, որին կանչվեցիր»: Լուսահոգի Վլադիմիր Մովսիսյանը ապրեց ու գործեց այս հավատքով և այդ հավատքից բխող աստվածահաճո իրագործումներով, բարձր ու պատասխանատու պաշտոններում նախանձախնդրորեն իր ջանքերը բերեց մեր երկրի ապահովության, բարօրության և առաջընթացի համար: Խորհրդային իշխանության տարիներին հոգելույս Վլադիմիր Մովսիսյանը գովելի եռանդով իր նպաստը բերեց առկա դժվարություններն ու մարտահրավերները հաղթահարելու համար և մեր անկախ պետականության վերահաստատումից հետո շարունակեց իր կարողություններն ու փորձառությունը ծառայեցնել մեր Հայրենյաց ազատ կյանքի կառուցմանն ու զարգացմանը: Արժանահիշատակ է, որ նրա հայրենանվեր ոգու և դրսևորած քաջարի ջանքերի շնորհիվ Հայաստանին են վերադարձվել Ադրբեջանի կողմից նախկինում զավթված սահմանային հողատարածքներ:

Մենք երկար տարիներ ճանաչել ենք հոգելույս Վլադիմիր Մովսիսյանին: Նա հայրենասեր ու ազգանվեր անձնավորություն էր, ազնիվ ու լավատես, բարեպաշտ ու եկեղեցասեր: Նրա ջերմ ու անկեղծ աստվածասիրության արտահայտությունն էր իր սրտաբուխ հովանավորությամբ կառուցված Սուրբ Ամենափրկիչ մատուռը, որը աստվածահաճո ներդրում է մեր ժողովրդի հոգևոր-եկեղեցական անդաստանի բարեզարդության գործում: Մեծապես գնահատելով Վլադիմիր Մովսիսյանի բազմարդյուն ծառայությունները մեր ժողովրդին և Եկեղեցուն` Մենք Հայրապետական Կոնդակով նրան շնորհել ենք Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ պատվո բարձրագույն շքանշանը:

Սիրելի բարեպաշտ հայորդիներ, մեր ժողովրդի արժանավոր զավակից բաժանումի այս դժվարին պահին ի խորոց սրտի աղոթենք առ Ամենագութն Աստված, որ երկնային լուսեղեն օթևաններում խաղաղության մեջ ընդունի հոգին նորոգ հանգուցյալ Վլադիմիր Մովսիսյանի, ով մղեց հավատի բարի մարտը` ապրեց աստվածասեր ու հայրենասեր ընթացքով և անցավ հավիտենական կյանք, որին կանչվեց Երկնավորի կողմից: Թող Ամենակալ Տերը Սուրբ Հոգու մխիթարությամբ սփոփի սգակիր սրտերը Մովսիսյան ընտանիքի, հարազատների, մերձավորների և բոլոր վշտացյալների:

Աղոթք և օրհնություն Վլադիմիր Մովսիսյանի լույս հիշատակին:

«Յիշեսցէ Տէր զհոգի նորոգ ննջեցելոյն և հանգուսցէ զնա ի լոյս երեսաց Աստուածութեան Իւրոյ. ամէն»: