Ն.Ս.Օ.Տ.Տ ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԳԱՀԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏԱՍՆԱՄՅԱԿԻ ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅՈՒՆԸ ՀՆԴԿԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Նոյեմբերի 1-ին Կալկաթայի հայ համայնքը մեծ հանդիսավորությամբ տոնախմբեց Ամենայն հայոց Կաթողիկոս եւ Ծայրագույն Պատրիարք Գարեգին Բ-ի գահակալության 10-րդ տարեդարձը: Հնդկահայ հավատացյալները, Մարդասիրական ճեմարանի սաները, ուսուցիչները եւ բազմաթիվ հյուրեր հավաքվել էին Կալկաթայի Սուրբ Երրորդություն եկեղեցում` մասնակցելու տոնախմբությանը, որը նախաձեռնել էին հնդկահայոց հոգեւոր հովիվ եւ Հայոց Մարդասիրական ճեմարանի կառավարիչ` Հայր Խորեն Հովհաննիսյանը եւ եկեղեցական խորհրդի անդամներ` Տիկին Սյուզան Ռուբենը եւ Տիար Սունիլ Սոբթին:

Օրվա պատարագիչն էր Հոգեշնորհ հայր Խորենը: Պատարագի ավարտին կատարվեց Հայրապետական մաղթանք, այնուհետեւ հայր սուրբը հավուր պատշաճի քարոզ խոսեց` ի մասնավորի ասելով. «2007 եւ 2008 թվականներին հովվապետական այց կատարելով Հնդկաստան` Վեհափառ Հայրապետն իր հայրական սերն ու հոգատարությունն է արտահայտել Իր բանավոր հոտին` հոգեւոր զարթոնք եւ օրհնություն բերելով Սուրբ Էջմիածնից: Հայրենիքից հեռու, աշխարհի տարբեր կողմերում սփռված յուրաքանչյուր հայ թանկ եւ կարեւոր է Հայոց Հայրապետի համար: Բառերով դժվար է արտահայտել Նորին Սրբության վեհանձնությունը եւ խոսել Իր անձի ներշնչող ներկայության մասին: Իմ հարգանքը նրա հանդեպ առավել է, քան լոկ բառերը կարող են արտահայտել:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության տասնամյակի առիթով Սուրբ Երրորդություն եկեղեցու տարածքում կառուցվել է բարեգործական բուժկենտրոն, որը եւ անվանվեց` Գարեգին Բ Կաթողիկոս բարեգործական բուժարան: Պատարագից հետո հոգեւոր հովվի նախագահությամբ կատարվեց նորակառույց բժշկարանի օրհնության եւ բացման արարողությունը: Բարեգործական բուժկենտրոնը կծառայի կարիքավորներին: Բուժկենտրոնը կունենա որակավորված բժիշկ եւ բուժքույր: Ծառայությունները կլինեն անվճար` հովանավորությամբ Կալկաթայի Սուրբ Նազարեթ Մայր եկեղեցու:

Բուժկենտրոնի բացմանը հաջորդեց տոնի առիթով Հայոց Մարդասիրական ճեմարանի երգչախմբի կողմից պատրաստված համերգային ծրագիրը եւ հյուրասիրություն: